Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործով դատական նիստը։
Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կարգալույծ Արման Սարոյանը Մասյացոտնի թեմի հաշիվներից բանկային գործարքներ է կատարել ու դա արել է դատարանի որոշման հիման վրա։
«Սա բերելու է շատ լուրջ խնդիրների, հիմա խնդրում ենք՝ վերացնել այս հայցի ապահովումը։ Եթե դատարանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, իսկ մենք գիտենք՝ ինչ պատճառներով..»,- նշեց Զոհրաբյանը։
Դատավոր Հովհաննիսյանն ընդհատեց, նրան հետաքրքիր էր, թե ինչ պատճառներով։
Զոհրաբյանն էլ ընդգծեց՝ ճի՛շտ է, նրան բացարկ չեն հայտնում, բայց ունեն հիմնավոր կասկած, որ դատավորը չի գործում իր անկախ կամքով։
«Մենք նման կասկածներ ունենք, որովհետև ձեր անկախ կամքով գործելու դեպքում հայցադիմումը վարույթ չէիք ընդունի, որովհետև չի կարող Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինության հարցում դատական վերահսկողություն լինել»,- ընդգծեց Մայր Աթոռի ներկայացուցիչը։
Զոհրաբյանի խոսքով՝ օրենքը դատավորի առջև դուռ է փակում, որ մտնի եկեղեցական կյանք։
«Դուռը դուք եք բացել, դուք պատմական բան եք արել, վստահ եղեք՝ ապագայում ձեր արածը դառնալու է պատմական քննարկման առարկա, դուք պատմական սխալ եք թույլ տվել»,- նշեց Զոհրաբյանը, իսկ դատավորն էլ ակնարկեց՝ հետագայում կերևա։
Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասով դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։
Եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Գևորգ Սարոյանը հայց էր ներկայացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սարոյանը հայցով պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում էր ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Սարոյանը ներկայացրել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։ Ըստ այդ միջնորդություն՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին հայրապետական տնօրինությունը հոգեկան տառապանք է պատճառել Արման Սարոյանին։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

