«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-փետրվար
ամիսներին։
Այսպես.
2026թ. բարձր տնտեսական աճի տեմպը պահպանվում է՝ հիմնականում պայմանավորված հանքարդյունաբերության
աճով։ Ընթացիկ տարին սկսվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշով, որի տեմպը փոքր-ինչ
դանդաղել է փետրվարին: Փետրվար ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 7.2%՝ 0.4
տոկոսային կետով դանդաղելով հունվարի նկատմամբ: Հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 7.4%, որին
ամենամեծ դրական նպաստում է ունեցել արդյունաբերության ոլորտը, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել
հիմնականում հանքարդյունաբերության աճով: ՏԱՑ-ին դրական նպաստում են ունեցել նաև ծառայությունների, առևտրի
և շինարարության ոլորտները:
Արտահանման և ներմուծման ցուցանիշները վերականգնվել են։ Հունվարին արձանագրված անկումից հետո, փետրվարին
թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները կտրուկ վերականգնվել են՝ աճելով համապատասխանաբար 37.6% և
26.9%-ով։ Թեև փետրվարի արտաքին առևտրի կառուցվածքային տվյալները դեռևս չեն հրապարակվել, հունվարի
ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է
հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ակտիվացմամբ։
Պետական բյուջեի եկամուտները և ծախսերը աճում են, սակայն կապիտալ ծախսերը՝ նվազում։ 2026թ. հունվար-
փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճել են։ Միաժամանակ, կապիտալ
ծախսերը զգալիորեն նվազել են՝ 58.8%-ով։ Կապիտալ ծախսերի նման կտրուկ անկումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով
դրանց կարևորությունը երկարաժամկետ տնտեսական աճի և ենթակառուցվածքային զարգացման համար։
Գնաճի տեմպը սկսել է արագանալ։ Գնաճի տեմպը 2026թ. փետրվարին կազմել է 4.3%՝ հունվարի համեմատ
արագանալով 0.5 տոկոսային կետով: Այդ պայմաններում, սակայն, կենտրոնական բանկը մարտ ամսվա ընթացքում չի
վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6.5%-ի մակարդակում:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

