Մեծ աղմուկ բարձրացրած նոր նախագիծը՝ առողջապահական ապահովագրությունը, շարունակում է չարդարացնել իրեն, այդ մասին ահազանգում են և՛ քաղաքացիները, և՛ բժիշկները, և՛ առողջապահական ոլորտի փորձագետները։
Մասնավորապես, երեկ սոցիալական հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը նշեց, որ ծանր վիրահատությունից հետո, երբ պետք է անվճար դեղորայք ստանար բուժումը շարունակելու համար, երկար ժամանակ է պահանջվել։
«Ծնկի վիրահատություն եմ ունեցել։ Փետրվարի 17-ին դիմել եմ բժշկի, գրանցել են, հերթս հասնելու ա ապրիլի 4-ին, որ գնամ իմանամ՝ ինձ անվճար դեղ հասնո՞ւմ ա, թե՞ չէ։ Ստացվում ա՝ ես պետք ա ամիս ու կես ցավերի մեջ սպասեմ, որ վերջում իմնանամ ինձ անվճար դեղ հասնում ա, թե չէ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Արդյոք նոր վիրահատված, ծանր վիճակում գտնվող մարդիկ չպե՞տք է արտահերթ սպասարկվեն, թե՞ էական չէ, որ ցավերի մեջ օրեր են անցկացնում, ու ստիպված են սպասել իրենց հերթին։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ կապ հաստատելով փորձեցինք պարզել իրավիճակը՝ վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ եթե բուժօգնությունը շտապ ու անհետաձգելի է, տեղում կազմակերպվում է բուժառուի անհրաժեշտ բուժօգնությունը, այդ թվում՝ դեղորայքային նշանկումը։ «Նշված դեպքը պլանային դեպք է, այսինքն՝ իրենից ենթադրում է հերթագրում։ Այս պարագայում նորմալ ու ողջամիտ ժամկետում կազմակերպվել է հերթագրումը, և այո՛, նեղ մասնագետի խորհրդատվությունից հետո պետք է նշանակվի ապահովագրության շրջանակում ներառված անհրաժեշ դեղը»,- եզրափակեց խոսքը Մարիամ Ծատրյանը։

