Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ նույնիսկ լիակատար մեկուսացումը չի խոչընդոտի իրեն՝ սեփական գաղափարները կողմնակիցներին հասցնելու հարցում, հայտնում է «Грузия Online»-ը։
Նրա խոսքով՝ այդ նպատակով արհեստական բանականության հիման վրա արդեն իսկ ստեղծվում է իր թվային ավատարը։
«Արդեն պատրաստվում է արհեստական բանականությամբ իմ ավատարը․ այն ավելի լավ տեսք ունի, քան ես, բայց դա հենց ես եմ։ Նա խոսում է ինչպես Միշան իր լավագույն տարիներին, ունի նույն ժեստերն ու դիմախաղը, և դրանում զետեղվելու է այն ամենը, ինչ մտածում եմ», — նշել է Սահակաշվիլին։
Նախկին նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ապագայում ազատ կարձակվի՝ իր իրավիճակը համեմատելով համաշխարհային այն քաղաքական գործիչների ճակատագրի հետ, ովքեր բանտարկությունից հետո վերադարձել են իշխանության։ Մասնավորապես, նա հիշատակել է Նելսոն Մանդելային, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին։
Սահակաշվիլիի պնդմամբ՝ երկարատև կալանքը միայն մեծացնում է իր քաղաքական վերադարձի հավանականությունը։ Նա ընդգծել է, որ իր առաքելությունը տեսնում է ոչ թե անձնական իշխանության վերականգնման, այլ նոր մտածելակերպով քաղաքական գործիչների սերունդ ձևավորելու մեջ։
Բացի այդ, Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր աջակիցները կկարողանան ասպարեզ բերել նոր քաղաքական ուժ, որը կվերականգնի Վրաստանի անկախ ընթացքը, կապահովի երկրի թռիչքաձև զարգացումը և արդարություն կհաստատի։

