Անգլիայի արևելքում գտնվող Էսեքս կոմսությունում Cessna տեսակի թեթև մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Sky News-ը։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 30-ի կեսօրին՝ Օնգար քաղաքի Միլլ Լեյն բնակավայրի մոտակայքում գտնվող դաշտում։ Երկտեղանի ինքնաթիռը դեպքից առաջ օդ էր բարձրացել Նորթ Ուիլդ օդանավակայանից, որը անկման վայրից մոտ 11 կիլոմետր հեռավորության վրա է։ Թռիչքը կազմակերպվել էր որպես ճանաչողական և պետք է կարճ տևեր։
Ըստ Քենթի և Էսեքսի ծանր հանցագործությունների հետաքննության վարչության ավագ խուզարկու Մորգան Քրոնինի՝ տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին ոստիկանությունն ականատեսներից հաղորդումներ է ստացել փոքր ինքնաթիռի անկման մասին։
«Cessna երկտեղանի ինքնաթիռը կարճատև ճանաչողական թռիչք էր իրականացնում, սակայն, ցավոք, չվերադարձավ։ Այժմ մենք կարող ենք հաստատել, որ օդանավում գտնվող երկու անձինք էլ զոհվել են»,- հայտարարել է Քրոնինը։
Զոհվածների ինքնությունը դեռևս պաշտոնապես չի պարզվել։ Ոստիկանությունում նշել են, որ նույնականացման գործընթացը կարող է բարդ լինել պատահարի բնույթից ելնելով։
Flightradar24 թռիչքների հետևման ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը Նորթ Ուիլդ օդանավակայանից օդ է բարձրացել 12:22-ին, ուղղություն վերցրել դեպի արևելք, իսկ մոտ հինգ րոպե անց շրջադարձ կատարել դեպի օդանավակայան։ Մինչև կործանումը օդանավը հասցրել էր նույն օրը երկու թռիչք կատարել, իսկ նախորդ օրը՝ ևս հինգ։
Հետաքննությունը շարունակվում է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննիչները, քրեագետները և Մեծ Բրիտանիայի Ավիացիոն պատահարների հետաքննության բաժնի մասնագետները։ Հետաքննությանը ներգրավված են նաև հրշեջ ծառայությունը, օդանավակայանի տնօրինությունը և Էփինգ Ֆորեսթ շրջանային խորհրդի ներկայացուցիչները։
Ոստիկանությունը բոլոր ականատեսներին կոչ է արել տրամադրել ցանկացած տեղեկություն, որը կարող է օգնել պարզելու աղետի պատճառները։

