Գերմանիան ակնկալում է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում և իր ձեռնարկություններում ամերիկյան սպառազինության առանձին տեսակների արտադրություն կազմակերպել։ Դրա մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Թուրքիայում։ Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինի եվրոպական երկրների ռազմական ներուժի հզորացումը՝ դաշնակիցների պաշտպանական ծախսերն ավելացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերի ֆոնին։
Ըստ Պիստորիուսի՝ ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի արտադրական հզորություններն այսօր սահմանափակ են, մինչդեռ սպառազինության պահանջարկը զգալիորեն աճել է։
«Մենք գիտենք, որ ԱՄՆ արտադրական հնարավորությունները սահմանափակ են, և դրանց ընդլայնման հրատապ անհրաժեշտություն կա։ Հենց այդ պատճառով մենք շատ շահագրգռված ենք որոշ համակարգերի կամ այդ համակարգերի բաղադրիչների արտադրությամբ այստեղ՝ Գերմանիայում»,- հայտարարել է նախարարը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հատկապես մեծ պահանջարկ է նկատվում ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների, դրանց թվում՝ Patriot համակարգերի նկատմամբ։ Դրանց պաշարները զգալիորեն նվազել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ակտիվ օգտագործման պատճառով։
Միաժամանակ, Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական այլ երկրներ ձգտում են զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ նվազեցնելու համար կախվածությունը ամերիկյան զենքի մատակարարումներից։ Դրան նպաստել են Դոնալդ Թրամփի բազմաթիվ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ամերիկյան պարտավորությունների մասշտաբները, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների միջև առևտրային տարաձայնությունների սրումը։
Ընդ որում, Պիստորիուսն ընդգծել է, որ խոսքը ամերիկյան զենքից հրաժարվելու մասին չէ։
«Ոչ ոք, խոսելով ավելի մեծ ինքնուրույնության մասին, չի պնդել, թե մենք ցանկանում ենք հրաժարվել ամերիկյան համակարգերից։ Կան սպառազինության տեսակներ, որոնք Եվրոպան չի արտադրում, բայց որոնք մեզ խիստ անհրաժեշտ են առաջիկա հինգից տասը տարիների ընթացքում»,- նշել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է բանակի ամրապնդման և պաշտպանական արտադրության ընդլայնման վերաբերյալ Գերմանիայի ծրագրերը։ Ըստ նրա՝ առաջիկա գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական ծախսերի աճն իրական մարտական կարողությունների վերածելուն, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների զգալի մեծացմանը։
Ռյուտեն միաժամանակ Գերմանիան անվանել է «արդյունաբերական տերություն»՝ խոշոր պաշտպանական ընկերություններով և համաշխարհային մակարդակի հետազոտական կենտրոններով։ Բացի դրանց, նա ընդգծել է, որ նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտի դեպքում Ռուսաստանն, իր կարծիքով, «կմնա երկարաժամկետ սպառնալիք եվրոատլանտյան անվտանգության համար»։

