ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ հուլիսի 8–ի նիստում որոշեց դատախազությանը վերադարձնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշվեց, որ Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին ԿԸՀ որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։

ԿԸՀ իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:

Նշենք, որ նմանատիպ որոշումներ են կայացվել նաև այլ թեկնածուների վերաբերյալ։

Մասնավորապես, միջնորդությունները վերաբերել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Լևոն Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նույն դաշինքի ցուցակում ընդգրկված Հայկ Դավիթի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, նույն դաշինքի ցուցակում ընդգրկված Մհեր Հայկի Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, նույն դաշինքի ցուցակում ընդգրկված Սասուն Ժորայի Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով