Ֆրանսիայի խորհրդարանի «Կանաչներ» կուսակցության խմբակցությունը հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին՝ իշխանություններին մեղադրելով հունիսի վերջին երկիրը համակած անոմալ շոգերին անբավարար պատրաստված լինելու մեջ, հաղորդում է «Reuters»-ը։
Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ նախաձեռնությունը խորհրդարան կարող է ներկայացվել արդեն այս կամ հաջորդ շաբաթվա սկզբին։
«Կանաչների» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սիրիել Շատելենը հայտարարել է, որ անվստահության քվեի հիմք է դարձել «կառավարության անպատրաստվածությունը ոչ միայն արդեն իսկ վրա հասած շոգի ալիքին, այլև այն տապին, որն սպասվում է առաջիկա օրերին»։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ չնայած ջերմաստիճանի որոշակի նվազմանը, Ֆրանսիայի բազմաթիվ շրջաններում այն դեռևս տատանվում է 30 աստիճանի սահմաններում, իսկ հանգստյան օրերին կրկին կանխատեսվում է տապի ուժգնացում։
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնն ընդդիմության այս նախաձեռնությունն անվանել է «քաղաքական մանիպուլյացիա»։ Նրա խոսքով՝ նախարարների կաբինետը շարունակում է կառավարել ճգնաժամային իրավիճակը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը, ընդհակառակը, «սնում են ճգնաժամը»՝ փորձելով հրաժարականի ենթարկել կառավարությանը։
Անվստահության քվեի ընդունման հեռանկարները խիստ անորոշ են։ Այն հաստատելու համար «Կանաչներին» անհրաժեշտ կլինի այլ ընդդիմադիր ուժերի աջակցությունը, ներառյալ՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» կամ սոցիալիստները։ Սակայն Սոցիալիստական կուսակցությունը մինչ օրս չի աջակցել Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու որևէ փորձի։
Այդուհանդերձ, իշխանությունները պահպանում են առողջապահական համակարգի բարձր պատրաստվածությունը։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային ORSAN պլանը շարունակում է մնալ առավելագույն մակարդակի վրա՝ հաշվի առնելով ծայրահեղ շոգի նոր ալիքի ռիսկը։
Ֆրանսիայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ հունիսի 20-ից ի վեր երկրում գրանցվել է անոմալ շոգի հետևանքով մահացության առնվազն հազար հավելյալ դեպք, սակայն մասնագետները զգուշացնում են, որ վերջնական թիվը կարող է ավելի բարձր լինել։
Խորհրդարանական բանավեճերի ժամանակ Սիրիել Շատելենը հայտարարել է, որ կառավարությունը կրում է մարդկային կորուստների պատասխանատվության իր մասը։ Ի պատասխան՝ Սեբաստիան Լեկորնյուն խստորեն քննադատել է «Կանաչների» առանձին պատգամավորների հայտարարություններն իբրև թե 10 հազար զոհերի մասին՝ այդ գնահատականներն անվանելով «սկանդալային» և «անարժանապատիվ»։

