Դատարանն արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։

Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար»։

Փաստաբանը նաև նկատել է, որ փաստորեն, Աշխեն Ալեքսանյանը ենթարկվել է հանիրավի հանրային պարսավանքի, լուսանկարներ են տարածվել, անմեղության կանխավարկածն է խախտվել, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով