Արուճի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի գնահատմամբ՝ երկիրը ներկայացնող վարչապետը նախօրեին գնացել, եվրոպական բարձր ատյաններում բամբասում էր իր եկեղեցուց։
«Ինչպես միշտ այն տպավորությունն էր, որ այդ մարդը վեր կացել, գնացել տան մեջ եղածը պատմում է դրսում, բայց բամբասկոտ կնոջ նման է։ Ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասել է Տեր Հայրը։
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ խաղաղության գործընթացի դեմ տարվող որոշ նախաձեռնություններում ներգրավված են նաև հոգևորականներ ու նրանց հետ փոխկապակցված որոշ կազմակերպություններ։
«Խաղաղության դեմ տարվող այս գործընթացում որոշ հոգևորականներ ու նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ ԵԽ-ում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում են տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե կան քաղբանտարկյալներ»,- ասել է վարչապետը։
Տեր Մանուկն ասաց՝ ուղղակի ամոթ էր լսել այն, ինչ ասում էր երկիրը ներկայացնող անձը։
«Ուղղակի զարմանում եմ, ամբողջական մի երկիր ներկայացնող իշխանավորը, երկրի վարչապետը ինչպե՞ս կարող էր գնալ և իր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից խոսել։ Ուղղակի ամոթ է։ Զարմանում եմ՝ ո՞նց կարող է մարդը մի ամբողջ երկիր ներկայացնի, այն էլ այս ծանր իրավիճակներում, երբ ամբողջ տարածաշրջանը բռնկված է պատերազմով, անվտանգային հարցերը լուծելու փոխարեն գնալ ու եվրոպական բարձր ատյաններում բամբասել երկրի հոգևորականների մասին։ Ես, որպես այս երկրի քաղաքացի, իրապես ամաչում եմ, որ իմ երկիրը դրա նման մեկն է ներկայացնում»։
Արձագանքելով նաև վարչապետի այն հայտարարությանը, թե որոշ հոգևորականներ ստանձնել են «պատերազմի կուսակցության առաջնորդությունը», Տեր Հայրը նշեց.
«Բա որ եկեղեցին չխոսի, ուրիշ ո՞վ խոսի դրա մասին։ Գերիների մասին ինքը չի խոսում, պետական ոչ մի մարմին չի խոսում, այլ հակառակը՝ Ազգային ժողովի ամբիոնից ամեն Աստծո օր միայն եկեղեցու մասին են խոսում։
Գիտե՞ք ինչու, որովհետև եկեղեցին դարձել է սրանց կոկորդի ոսկորը։ Եկեղեցին է միայն մտածում հայ ընտանիքի սրբության մասին, այս երկրի անվտանգության մասին, բանակի զորացման մասին։ Ուղղակի ամոթ եմ ապրում, ինչպե՞ս կարելի է, որ քո երկիրը ներկայացնող վարչապետը գնա, հասնի այդ բարձր ատյաններն ու բամբասի քո եկեղեցու հոգևորականներից։ Լավ, ժողովուրդը չի՞ տեսնում սա»։
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի խոսքով՝ եկեղեցին իրավունք ունի բարձրաձայնելու երկրի համար կարևոր խնդիրների մասին։
«Լավ են արել, ամեն ինչ կորցրել ենք, մի ամբողջական հայրենիք ենք կորցրել, այդքան սրբություններ ենք կորցրել, այդքան զոհեր ենք տվել։ Բա որ մենք չխոսենք դրա մասին, ուրիշ ո՞վ խոսի։ Ինչ կուզեն, թող որակեն, թող ասեն, թե քաղաքականության մեջ են եկեղեցականները գլուխները մտցրել։ Հոգևորական լինելուց զատ, ես նախ այս երկրի քաղաքացի եմ։ Իսկ ի՞նչ պիտի անեմ, որ չխոսեմ. Ղազանչեցոց, Դադիվանք, Ամարաս՝ այդքան սրբություններ կորցրինք։
Ասում էին՝ Արցախը կտանք, կհանգստանանք։ Տվեցի՞ք, հանգստացա՞ք, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»։
Տեր Մանուկը նաև նշեց, որ զարմանում է ընդդիմության արձագանքի վրա։
«Գոնե ընդդիմությունը համապատասխան որակում տա։ Ո՛չ արձագանք են տալիս, ո՛չ որակում են տալիս. իրապես չի կարելի սա։ Եվրախորհրդարանում նստած պատգամավորներին շատ էլ հետաքրքիր է, թե քո եկեղեցականներն ինչով են զբաղվում։ Դու քո երկրի անվտանգության հարցը գնա, բարձրացրու։ Ո՞ւմ ես ուրախացնում՝ Ադրբեջանի՞ն ես ուրախացնում, որ դրել բզկտում ես քո եկեղեցին»։

