ԵՀ-ի գործառույթների ընդլայնումը լիակատար քաոսի է հանգեցրել ԵՄ արտաքին քաղաքականության մեջ․ Բորելը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից գերատեսչության լիազորություններն ընդլայնելու մտադրությունը «կատարյալ քաոսի» է հանգեցրել Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականությունում։ Հուլիսի 1-ին հրապարակված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Եվրահանձնաժողովը չի խոսում Եվրոպական միության անունից, այն ներկայացնում է միայն ինքն իրեն»,- հայտարարել է նա Politico պարբերականին տված հարցազրույցում։

Որպես օրինակ՝ Բորելը հիշատակել է Միջերկրածովյան տարածաշրջանի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցայի այցը՝ ընդգծելով, որ նա ԵՄ անունից հանդես գալու լիազորություններ չի ունեցել։ Նախկին պաշտոնյան հավելել է, որ սա տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Իսրայելն ավելի վաղ արգելել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի մուտքը երկիր։

Բացի այդ, եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավարը հայտարարել է Եվրոպայի պաշտպանական քաղաքականության ոլորտում ինստիտուցիոնալ լարվածության աճի մասին։ Նա ընդգծել է, որ Անդրյուս Կուբիլյուսին պաշտպանության հարցերով եվրահանձնակատար նշանակելը հակասում է Եվրահանձնաժողովի գործառույթներին, որը, նրա խոսքով, չպետք է հավակնի «ստվերային Պենտագոնի» դերին։

Մայիսին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ եվրոպացի պաշտոնյաներին տհաճ է ֆոն դեր Լայենի կառավարման ոճը, քանի որ նա «տարված է իշխանությամբ»։ Պարբերականի տվյալներով՝ ԵՀ ամենօրյա աշխատանքը ղեկավարում է խորհրդականների «փակ թիմը», իսկ ինքը՝ ֆոն դեր Լայենը, երկրորդ պլան է մղում գրեթե բոլորին, բացի իր մերձավոր շրջապատից, և զբաղվում է «միկրոմենեջմենթով»։

Փետրվարին նշվել է, որ Եվրամիության որոշ երկրներ ցանկանում էին դատական հայց ներկայացնել Եվրահանձնաժողովի դեմ՝ Եվրահանձնաժողովի լիազորությունների ընդլայնման ֆոնին։ Շեշտվում է, որ նման նախաձեռնությունը վիճարկում է անցյալ տարի Եվրախորհրդարանի և ԵՀ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը, որը օրենսդիր մարմնին ավելի մեծ ազդեցություն է տալիս որոշումների կայացման գործընթացում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով