Միֆեր և իրականություն. ինչո՞ւ են շարունակվում հարձակումները ՀՀԿ-ի վրա

Ընդդիմադիր Հանրապետականը, անկախ իր ունեցած քաղաքական տարաձայնություններից, միշտ հանդես է եկել ընդդիմադիր դաշտում հնարավոր համախմբման, միմյանց դեմ հակաքարոզչության բացառման, մերկանտիլ շահերի չդրսևորման դիրքերից:
Այս տարիներին, քիչ չեն եղել անհատներն ու լրատվամիջոցները, որոնք անգամ համատեղ պայքարի ամենաթեժ փուլերում, նույնիսկ պետության առջև ծառացած ամենապատասխանատու պահերին, ընդհուպ մինչև կառավարիչների կողմից սանձազերծված ռեպրեսիաներին զուգահեռ՝ առիթը բաց չեն թողել մի կեղտոտ բան էլ ՀՀԿ-ի հասցեին գրելու կամ ասելու:
Համբերատար լսել ու ընթերցել ենք, շատ դեպքերում անտեսել ու անցել ենք, երբեմն էլ ստիպված ենք եղել ազնիվ ու կոշտ պատասխան տալ այդ միտումնավոր «մոլորյալներին»:
Աններելի կեղծ ու զրպարտող հայտարարությունների դեպքում երբեմն նաև չափից ավելի, գուցեև անհամաչափ կոշտ է եղել մեր արձագանքը: Կոշտ է եղել, բայց շիտակ, տեղին ու ազնիվ: Դրա պատճառն այն չէ, որ նստած սպասում ենք, թե մեզ ով կքննադատի, որպեսզի անպայման արձագանքենք ու չընդունենք այլակարծությունը:
Պարզապես, կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի այս խառնածին ժամանակաշրջանում, կեղծիքի նկատմամբ մեր համբերության բաժակն էլ՝ անտակ, չէ:
Ամենազավեշտալին այն է, որ երբ Հանրապետականի արձագանքը հնչում է՝ այդ նույն մարդիկ ահավոր նեղվում ու նեղանում են:
Ով առաջարկել է փողոցային շարժում սկսել՝ ՀՀԿ-ն առաջնային շարքերում էր: Համատեղ օրակարգ ու մարմիններ ստեղծենք՝ ՀՀԿ-ն ակտիվ մասնակից է, աջակցող հայտարարություն անենք՝ ՀՀԿ-ն պատասխանատու կողմ է, համատեղ քրոզչական աշխատանք անենք՝ ՀՀԿ-ն հրապարակային դաշտում է և նմանատիպ մեծ ու փոքր օրինակներ:
Տասնյակ հարցեր են եղել, որ մեր համոզմամբ այլ կերպ էր պետք մոտենալ լուծմանը, բայց մեզ չեն լսել, գնացել են սեփական ճանապարհով, ձախողվել ու էլի հետ դարձել՝ սկսել Հանրապետականին մեղադրելու պատճառներ հորինել:
Լավ մինչև ե՞րբ…
Անկեղծորեն երախտապարտ ենք, ու չենք մոռանա մեր գործընկերների բարոյական ու գործնական աջակցությունը, երբ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կալանքից ազատ արձակելու երաշխավորման հարցերն էին քննարկվում դատարանում: Բազմաթիվ լրատվամիջոցներ ու ընդդիմադիր գործընկերներ, Հանրապետականի հետ ունեցած առընչություններում եղել են պարկեշտ, ազնիվ, պրոֆեսիոնալիզմի պատշաճ դրսևորմամբ ու անաչառ՝ քննադատության մեջ:
Ինձ կարող ե՞ք բացատրել, ինչու են որոշ անհատներ ու հանրային լռեսուրսներ (խոսքը իշխանականներին չի վերաբերում) իրենց գոյության նպատակը համարում ՀՀԿ-ին անպայման սևացնելն ու զրպարտելը՝ երբեմն նաև լատենտ եղանակներով: Ի՞նչ են շահում դրանից իրենք, կամ ի՞նչ է շահում ընդդիմադիր դաշտը միասին վերցրած:
Դժվար է ասել, թե ով ինչ է շահում, սակայն փաստն այն է, որ իշխանությունը նույն տեմպով շարունակում է արկածախնդիր փորձությունների ու արտաքին հարվածների տակ դնել երկիրը՝ միաժամանակ ավելի ջերմեռանդ կերպով հալածելով ընդդիմությանը: Այդպես շարունակելու դեպքում, մեր ժողովուրդն արդարացիորեն երես է թեքելու ողջ քաղաքական դաշտից՝ իր համար չգտնելով հույսի ու վստահության որևէ նշույլ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով