Հայաստանի տարբեր բնակավայրերում դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով այդքան հպարտացող և նախկին իշխանություններին այդ շենքերն իբրև բարձիթողի անելու համար պախարակող իշխանությունները թույլ չեն տալիս, որ Էջմիածնում ի վերջո կյանքի կոչվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Մայր Աթոռն է և անձամբ Վեհափառ հայրապետը։
Բարեգործական այդ նախաձեռնությունը այդպես արհեստականորեն ձգձգելուց հետո ի վերջո իշխանություններն այնպիսի օրենք ընդունեցին, որի պատճառով նախագծի իրականացումն իր նախնական ձևով անհնարին դարձավ։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ տրամադրել։ Մինչև հողային օրենսգրքի համապատասխան դրույթի փոփոխությունը՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։
Կանխազգալով հանրային քննադատությունները՝ նախագծի քննարկման ժամանակ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրել էր, թե օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ մինչև օրենքի փոփոխված տարբերակի ընդունումը ինչու է նախագծի իրականացման ծրագիրը սառեցվել, արդյո՞ք օրենսդրական նախաձեռնությունը հատուկ դիտավորություն չէ և իշխանությունների կողմից Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն հայտարարած խաչակրաց արշավանքի դրսևորում։ Համենայն դեպս, ինչպես վերահաստատում է տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը, գաղափարի կամ միջոցների խնդիր չի եղել ծրագրի կասեցման համար, խոչընդոտները վարչական և իրավական են եղել, ինչն էլ կապված է պետական մարմինների հետ։
Այդ առնչությամբ Մայր Աթոռը հայտնում է իր մտահոգությունն այն մասին, որ «նման որոշումն անընդունելի է և մեծապես խոչընդոտելու է մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանն ուղղված եկեղեցու հոգեխնամ սոցիալական և կրթադաստիարակաչական առաքելությանը»։
Եթե «Թումո» կենտրոնը կառուցվեր, Վաղարշապատի և հարակից բնակավայրերի ավելի քան 2000 երեխա կունենար իր քաղաքում ժամանակակից կրթության, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծարար զարգացման միջավայր։ Մանկապատանեկան զարգացման և կրթական նորագույն «Թումո» կենտրոնը նախատեսված է գրեթե 2000 երեխայի ուսուցման համար։
Այսինքն՝ իշխանությունները իրականում ոչ թե Հայ եկեղեցու համար են խոչընդոտներ ստեղծում, այլ Վաղարշապատի և հարակից բնակավայրերի երեխաների, որոնք այս դեպքում զրկվում են մի հնարավորությունից, որից օգտվում են այն քաղաքների ու բնակավայրերի երեխաները, որոցում գործում են «Թումո» կենտրոններ ու լաբորատորիաներ։ Ի դեպ, մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Էջմիածնում «Թումո» կենտրոնի կառուցման համար ֆինանսական միջոցներ է տրամադրել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը՝ որպես բարերար։
Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը թույլ չի տալիս նաև Հայաստանում բարեգործական ներուժի իրացումը՝ մեզանում նաև այդ մշակույթը կասկածի տակ դնելով, ինչպես որ արտասահմանյան ներդրումները։
Ի վերջո ինչպե՞ս կհանգուցալուծվի այս խնդիրը։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն այս պահին չգիտի, թե ինչ ճակատագրի կարժանանա բարեգործական նախագիծը։ Նրա տեղեկացմամբ՝ Մայր Աթոռի համապատասխան կառույցները Վաղարշապատ համայնքի ավագանու հետ քննարկումների մեջ են և, ինչպես ասում են, գնդակը նրանց դաշտում է։ Կհաղթի առողջ բանականությո՞ւնը, թե՞ պաշտոնը կորցնելու և չի բացառվում որևէ քրեական գործով կալանքի տակ հայտնվելու վախն ու սին ամբիցիաները, ցույց կտա ժամանակը։

