Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը՝ այդ գործողություններն անվանելով միջազգային իրավունքի խախտում։
«Մեր արտաքին քաղաքականությունն առավել համոզիչ չի դառնա, եթե մենք միջազգային իրավունքի խախտումը չանվանենք միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարարության վերականգնման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Այս պատերազմը հակասում է միջազգային իրավունքի նորմերին. դրանում դժվար թե կասկածներ լինեն»,- ասել է Շտայնմայերը։ Դրանով իսկ նախագահը զբաղեցրել է այլ դիրքորոշում, քան Գերմանիայի կառավարությունը, որը դեռևս խուսափում է միջազգային տեսանկյունից գնահատական տալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին: Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միայն խոստովանել է, որ Իրանի վրա հարձակումը Գերմանիայի իշխանություններին կանգնեցրել է դիլեմայի առաջ:

