Խուզարկություններ են նաև «Արարատցեմենտ» կոմբինատում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում համաժամանակյա խուզարկություններ են ընթանում։ Մասնավորապես, խուզարկություններ են ընթանում նաև «Արարատցեմենտ» կոմբինատում։

Քիչ առաջ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներին իրավապահները հրահանգեցին գնալ տուն առանց պատճառաբանության։

Multi Wellness կենտրոնը փակ է, հաճախորդները դրսում կանգնած են։

Քիչ առաջ «Փարավոն» համալիրից ավտոբուսով մարդկանց դուրս բերեցին։ Համալիրի մուտքը փակ է, ներսում իրավապահներ են։

Բացի այդ, իրավապահները «Մուլտի գրուպ» կոնցեռնից համակարգիչներ են առգրավել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության.  Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։

Այս առնչությամբ Քննչական կամիտեից  միայն հայտնել էին. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով