Կարինա Ակոպովան՝ Միլանից․ Ուրախ ենք, որ կարողացանք այս ստեղծագործությամբ հանդես գալ

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կարինա Ակոպովան մեկնաբանել է մասնակցությունը Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով։

«Տպավորությունները գերազանց են։ Ուրախ ենք, որ կարողացանք այս ստեղծագործությամբ հանդես գալ»,- ասել է Կարիան Ակոպովան։
Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գրավեց 12-րդ տեղը եւ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին:

Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում որակավորման փուլը հաղթահարեց լավագույն 16 զույգը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄՕԿ-ին բողոք էր ներկայացրել Հայաստանի օլիմպիական զույգի կարճ ծրագրի «Արցախ» անվան վերաբերյալ: Միջազգային օլիմպիական կոմիտեն բավարարել էր բողոքը եւ փոխել ծրագրի անունը պաշտոնական ցանկում, նշելով՝ Արա Գեւորգյանի ստեղծագործություն:

Չնայած Ադրբեջանի ջանքերին, «Արցախ» ստեղծագործությունը Միլանի Ice Skating Arena-ում հնչեց, բայց ներկայացվեց որպես «Արա Գեւորգյանի ստեղծագործություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով