Կոլումբիայի կառավարությունը նախագահի ընդդիմադիր թեկնածու Պալոմա Վալենսիային տեղեկացրել է նրա դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է լրագրողներին։
«Պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը և ազգային ոստիկանության տնօրենն ինձ հայտնել են, որ նարկոահաբեկչական խմբավորումը կրկին գլխագին է սահմանել իմ համար»,— ասել է նա։
Վալենսիայի խոսքով՝ իշխանություններն իրեն թույլ են տվել հրապարակել այս տեղեկությունը։ Քաղաքական գործիչը պնդում է, որ մահափորձը պատվիրել է կազմալուծված «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական կազմակերպության նախկին անդամներից բաղկացած խմբավորումներից մեկը։ ««Բուչետուլա» մականունով անձին 2 միլիարդ պեսո (560 հազար դոլար) են վճարել՝ ինձ սպանելու համար։ Մնացածի մասին խոսել չեմ կարող, քանի որ քննություն է ընթանում»,— հավելել է նա։
Վալենսիան առաջադրվել է նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի հիմնադրած «Ժողովրդավարական կենտրոն» կուսակցության գլխավորած աջակողմյան դաշինքից։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ նա վարկանիշով զբաղեցնում է երրորդ տեղը։ Պետության ղեկավարի հերթական ընտրությունները Կոլումբիայում տեղի կունենան մայիսի 31-ին։

