Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են բարձրաձայնել չվճարված աշխատավարձերի խնդիրը։ Այս անգամ իրենց դժգոհությունն են ներկայացնում Ապարանի համայնքի Լուսագյուղի դպրոցի աշխատակիցները։
Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ իրենք նույնպես նույն անձի կողմից են տուժել։
«Լուսագյուղի դպրոցի աշխատողներն ենք։ 3 միլիոն էլ ինքը մեզ է պարտք»,– ասաց նա՝ հավելելով, որ խոսքը նույն կապալառուի մասին է։ «Նույն մարդը՝ այո, Արտաշ Գևորգյանը»։
Քաղաքացու խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ դիմում են կառավարությանը․ «Առաջին անգամ է, մեկին չենք դիմել։ Մեր համայնքի ղեկավարին ենք դիմել, քաղաքապետարան, բայց իրեն էլ է խաբել, արդեն երեք-չորս ամիս է»։
Հարցին՝ արդյոք կոնկրետ պաշտոնյայի հետ հանդիպելու ցանկություն ունեն, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Եթե ընդունեն՝ կհանդիպենք, ով ուզում լինի՝ նախարարներից։ Կարևոր չէ՝ ով, թող իջնեն, խոսենք»։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ պատրաստվում են դիմել նաև իրավապահ մարմիններին․ «Մի քանի օր սպասենք, եթե չեղավ՝ գնում ենք դատախազություն, ստորագրություններ ենք հավաքում»։

