Նվեր իշխանությանը. ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը պայքարում Սամվել Կարապետյանի դեմ

Նախընտրական իրավիճակը Հայաստանում հերթական անգամ բացահայտում է ընդդիմադիր դաշտի խորքային խնդիրները։ Մինչ հանրությունը սպասում է գործող իշխանությունների դեմ միասնական ճակատի, իրական պատկերը բոլորովին այլ է։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, ովքեր ներկայանում են որպես Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ թիմակիցներ և պատգամավորության թեկնածուներ, իրենց հիմնական սլաքներն ուղղել են ոչ թե իշխող ուժի, այլ մեկ այլ ընդդիմադիր բևեռի՝ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» շարժման դեմ։Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե նպատակը իշխանափոխությունն է, ապա ռեսուրսները պետք է կենտրոնացվեն Նիկոլ Փաշինյանի վարչակազմի դեմ։ Սակայն փաստերը հակառակի մասին են խոսում։ Քոչարյանի թիմակիցների կողմից Սամվել Կարապետյանի թիրախավորումը միայն մեկ արդյունք է տալիս՝ ընդդիմադիր ձայների փոշիացում։

Երբ ընդդիմադիրը պայքարում է ընդդիմադիրի դեմ, շահում է միայն գործող իշխանությունը։ Հարց է առաջանում. արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի թիմը չի հասկանում, որ այս մարտավարությամբ նվազեցնում է հենց իրենց առաջնորդի հաջողության շանսերը։Ստորև ներկայացվող լուսանկարներում հստակ երևում է, թե ինչպես են «Հայաստան» դաշինքի առանձին ներկայացուցիչներ կազմակերպված կերպով աշխատում «Ուժեղ Հայաստանի» դեմ։

Այս կադրերը փաստում են, որ սա ոչ թե պատահական բախում է կամ անհատական կարծիք, այլ ուղղորդված գործընթաց։ Փոխանակ քննադատության օբյեկտը լինի օրվա իշխանությունը, էներգիան ծախսվում է դաշտակիցներին վարկաբեկելու վրա։Եթե ընդդիմադիր ուժերը շարունակեն «ներքին մաքրումների» և միմյանց թուլացնելու քաղաքականությունը, ապա իշխանափոխության մասին խոսակցությունները կմնան լոկ հռետորաբանություն։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պետք է գիտակցեն՝ Սամվել Կարապետյանի կամ ցանկացած այլ ընդդիմադիրի դեմ պայքարելով, նրանք ճանապարհ են հարթում գործող ռեժիմի վերարտադրության համար։

Ժամանակն է վերանայել թիրախները, եթե, իհարկե, նպատակը իրական փոփոխությունն է, այլ ոչ թե ընդդիմադիր դաշտում «միակը» լինելու հավակնությունը։

 

 

Նյութը պատրաստեց՝ Kartsiq.am –ի լրագրող Լաուրա Անանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով