Ռուսաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը կիրակի օրը Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցության վիճակն ու հեռանկարները, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«ԿԺԴՀ պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել ենք ռազմական համագործակցությունը դնել կայուն երկարաժամկետ հիմքերի վրա: Պատրաստ ենք այս տարի ստորագրել 2027-2031 թվականների ժամանակահատվածի համար ռուս-կորեական ռազմական փոխգործակցության պլանը», – բանակցությունների ընթացքում ասել է Անդրեյ Բելոուսովը:

Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդի հետ: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Փհենյանում ռուսաստանյան պատվիրակությանը ցուցաբերած ավանդական ջերմ ընդունելության համար:

Բելոուսովի գնահատմամբ, «ռուս-կորեական միջպետական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա»:

«Ընթացիկ տարին խոստանում է լինել ոչ պակաս հագեցած մի շարք ուղղություններով երկկողմ շփումների առումով», – նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Անդրեյ Բելոուսովը հավելել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունում բարձր են գնահատում ԿԺԴՀ առաջնորդի որոշումը՝ հրավիրել ռուսաստանյան ռազմական պատվիրակությանը արտասահմանյան ռազմական գործողություններում կորեացի զինծառայողների մարտական սխրանքների թանգարանային-հուշահամալիրի բացմանը:

«Մեզ համար մեծ պատիվ և արտոնություն է մասնակցել այս պատմական իրադարձությանը», – նշել է Անդրեյ Բելոուսովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով