Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները շարունակում են ողջ մնացած մարդկանց գտնել փլատակների տակից։ Այս մասին ամերիկյան «CBS News» հեռուստաալիքին հայտնել են Կարակասի շրջանում աշխատող ԱՄՆ փրկարարական թիմերի ներկայացուցիչները։
Մասնավորապես, փրկարարներն արդեն վեց օր է՝ փորձում են դուրս բերել 44-ամյա Էրման Ժիլ Ֆլորեսին, ով երկրաշարժի պահին գտնվել է փլուզված 10-հարկանի շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում։ Նա այնտեղ աշխատում էր որպես պահակ և մինչ օրս մնում է իր կրպակում։ Տղամարդը վնասվածքներ չի ստացել, նրան կարողացել են ջուր փոխանցել, սակայն փլատակների մաքրման աշխատանքները շատ դանդաղ են ընթանում, քանի որ սալերի փլուզման վտանգ կա։
Հղում անելով տեղական իշխանություններին՝ «CBS»-ը հավելել է, որ փլատակների տակից հաջողվել է փրկել շուրջ 6,5 հազար մարդու, ևս 51 հազարը դեռևս համարվում են անհետ կորած։
Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է 7,2-ից մինչև 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու ալիքը։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ զոհվել է 1 943 մարդ, վիրավորվել՝ 10 571-ը, իսկ 28 380 տուժած բժշկական օգնություն է ստանում հիվանդանոցներում և դաշտային ճամբարներում։

