Կառավարության այսօրվա նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Փաշինյան Նիկոլն անթաքույց հայտարարեց, որ այսուհետ Արցախի Հանրապետության անունը տվող կառույցները և Արցախի հիմնահարցի մասին անգամ ակնարկ անող անհատներն անվերապահորեն պատժվելու են կամ բռնաճնշումների են ենթարկվելու։ Նրա խոսքերը բառացի այսպես չեն հնչում, բայց իր արած հայտարարությունների ենթատեքստը հենց դա է նախատեսում։ Ուրիշ ինչպես մեկնաբանել նրա հոխորտալի խոստովանությունը, թե Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պարտադրել է աշխատանքից ազատվելու դիմում գրել այն բանի համար, որ նա համարձակվել է Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել Արցախի հիմնահարցին վերաբերող գիրք և պատմել Սումգայիթի ջարդերի մասին։
Նրա գնահատմամբ՝ դա կառավարության արտաքին քաղաքականության դեմ գործողություն է, սադրանք, որը կարող է Արդբեջանի կողմից դիտարկվել որպես պատերազմի կոչ։ Իսկ կառավարության արտաքին քաղաքականությունն այս հարցում այն է, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի։ Կամ նրա քննադատությունը Հայ Առաքելական սուրբ եկեղեցում պատարագների ժամանակ Արցախի Հանրապետության մասին հիշատակման վերաբերյալ, ինչը ևս Փաշինյանը պատերազմի կոչ է համարում։ Զավեշտալի է հնչում, այնպես չէ՞, մանավանդ, որ Փաշինյանը չթաքցրեց՝ իր և իր իշխանության համար փակված է նաև արցախցիների վերադարձի հարցը իրենց հայրենիք, ինչն ի դեպ ամրագրված է միջազգային իրավունքներով և դեռևս հրատապ թեմա է միջազգային շատ ատյաններում։
Փաշինյանը սպառնում է, եթե մենք շարունակենք խոսել վերադարձի թեմայով, Ադրբեջանն էլ նույն թեման է առաջ քաշելու, «դրանք զարգանալու են, բախվեն ու դառնան պատերազմ»։ Եվ էական չէ, որ դրանք ամենևին համարժեք պահանջներ չեն՝ արցախցին իր հայրենիք, բնօրրան վերադառնալու մասին է խոսում, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներում իր նախնիներին երբեմնի հատկացված տներ վերադարձի հարց է բարձրացնում՝ ասելով, թե դրանք հնագույն ադրբեջանական տարածքներ են։
Արցախի կառավարությունը, որը ապաստանել է Հայաստանում, պետական կառույցների ներկայացուցիչները, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ջանքեր են գործադրում, որպեսզի միջազգային իրավասու կառույցներում շարունակվի քննարկման թեմա մնալ արցախցիների վերադարձի հարցը, և նրանք ի վերջո որոշակի երաշխիքների ներքո կարողանան տեր կանգնել իրենց այդ իրավունքին։ Բայց ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրակարգում բացարձակապես նման թեմա չկա և չի կարող լինել, քանի որ Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեց ՀՀ կառավարության ղեկավարը, ու իրոք փակեց Արցախի հիմնահարցը, նույն կերպ կարող է խոչընդոտել նվիրյալ արցախցիների բոլոր գործողություններին, որոնք ուղղված են վերադարձի հարցը լուծելուն, ջուր լցնել նրանց բոլոր ջանքերի ու հույսերի վրա։
Իսկ չե՞ն վախենում նրանք, որ Արցախի Հանրապետության մասին ցանկացած հիշատակում իրենց ևս կդարձնի Փաշինյանի ագրեսիայի թիրախ։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իրենք գիտակցաբար պատրաստ են դրան․ «Կարող են մեզ բռնաճնշումների ենթարկել, ձերբակալել, կարող են սպանել մեզ, ես դա էլ չեմ խորշում ասել, այն, ինչի միջով մենք ենք անցել, մեզ դարձրել է առավել հաստատակամ։ Վերադարձի օրակարգը պետք է միշտ հրատապ լինի։ Ինչու են այս իշխանություններն ընկնում հիստերիայի մեջ վերադարձ բառից, որովհետև շատ լավ գիտեն, որ արցախցիների վերադարձի իրավունքն իրացվելու է, և դա որևէ կերպ այսօր և տարիներ հետո հնարավոր չէ փակել։ Պատկերացրեք այն ծնողի վիճակը, որի զավակը հուղարկավորված է Արցախում, նրան հնարավոր չէ համոզել, որ նա այլևս չի գնալու որդու գերեզմանին։ Ուզում է պատառոտեն այս իշխանություններն իրենց, մենք մեր նպատակից հետ չենք կանգնելու»։

