5 տարի առաջ Նիկոլի խնդիրը ընտրողին սիրաշահելն էր, այսօր ընտրողի կարծիքի հետ հաշվի նստելու խնդիր չի տեսնում, եկեղեցու դեմ է արշավում. Մալյան

Կիրակնօրյա գրառում ընտրությունների մասին, գրում է հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը.

«2021 թվականի ընտրություններին մասնակցել է 1 280 000 ընտրող, որը կազմում էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48%-ը:

Առաջիկա ընտրություններին իմ կանխատեսումով մասնակցությունը քչանալու է կանգնելով 35%-ի սահմաններում: Սա ընտրական դեմոտիվացիայի արդյունք է: Դեմոտիվացված ընտրողների մեծ մասը ցավոք ընդդիմության ընտրողներն են:

Դեմոտիվացիայի պատճառները բոլորին հայտնի են՝

Իշխանության անհաղթելիության լեգենդ: Արտաքին ուժերի կողմից իշխանության ցուցադրական սատարումը, երկրի ներսում բացահայտ ապօրինությունների շքերթը:

Ֆավորիտ ընդդիմության անգործություն: 2021 թվականին նիկոլի վերջին օրերը ֆեյսբուքում «մնաց 12 օր» գրառումներով ազդարարող և «կրելու ենք» կարգախոսով հանրությանը խաբած ֆավորիտ ընդդիմադիր ուժը 5 տարի որևէ պիտանի աշխատանք չարեց: Ավելին՝ սեփական պարապությունը քողարկելու նպատակով որպես զբաղմունք քաղբանտարկյալներին բանտերում այցելությունները վերջերս վերածվեցին «իմ ու քո» քաղբանտարկյալների բաժանման, իսկ ԱԺ դահլիճում ֆավորիտ ընդդիմադիրների պաթետիկ ու դատարկ ելույթները հիմնականում ավարտվում էին վերջիններիս նկատմամբ հրապարակային ֆիզիկական հաշվեհարդարով ու հայհոյանքներով:

Իշխանության վերջին 5 տարիներին ուժերի կուտակում: 2021-ին Նիկոլը բունկերից նոր էր դուրս եկել: Այսօր նա եկեղեցու դեմ արշավ է իրականացնում: 5 տարի առաջ նրա խնդիրը ընտրողին սիրաշահելն էր: Այսօր իշխանությունը ընտրողի կարծիքի հետ հաշվի նստելու խնդիր չի տեսնում:

Ընդդիմադիր դաշտի ֆրագմենտացիա: Պառակտվածությունը ընդդիմադիր դաշտում, որի սերմնացանը Ռոբերտ Քոչարյանն է պարապության, սեփական տապալումները, պարտությունները դավադրական տեսություններով բացատրելու արդյունք են: Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չի, որ Քոչարյանը պահում է հայհոյախոս պառավների գումարտակ, որոնց անհրաժեշտության դեպքում «քսի» է տալիս իրեն մրցակից բոլոր ընդդիմադիրների ուղղությամբ։ Իհարկե Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղղորդվող ընդդիմադիրների վրա հարձակումներն այլևս ազդեցություն չունեն, սակայն որպես արդյունք ընդդիմադիրները պառակտված են, իսկ ընտրողին տեղամաս «տանելու» համար միասնականություն է անհրաժեշտ:

Երկկողմանի ստախոսության դրսևորումներ: Այս 5 տարիներին բացահայտ և անամոթաբար ստում էր թե իշխանությունը և թե ֆավորիտ ընդդիմությունը: Պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» սուտը և քոչարյանականների կողմից կազմակերպված ֆանարիկային երթերը նույն ազդեցությունը ունեցան հանրության վրա՝ հիասթափություն: Այդ է պատճառը, որ «Մեր ձևով» շարժմանը խորհուրդ եմ տալիս 8-րդ գումարման ԱԺ նախկին պատգամավորներից հեռու մնալ և քաղաքական թիմից հեռու պահել: Դեմոտիվացված և ընտրատեղամաս չգնացող ընդդիմադիր ընտրողը իր «բոյկոտով» պատժում է նախորդ 5 տարին իրեն խաբած քաղաքական ուժերին:

Արդյունքում այս պահի դրությամբ 2021թ ընտրությունների ֆավորիտ «Հայաստան» դաշինքը նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարում ու դառնում է իր իսկ ասած «ձայն փոշիացնողներից» մեկը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով