7 անվանի փորձագետներ մտահոգություն են հայտնում Հայաստանում ընտրություններին արտաքին միջամտության վերաբերյալ

Մարդու իրավունքների 7 անվանի փորձագետներ իրենց փաստահավաք առաքելության նախնական գնահատականում մտահոգություն են հայտնում Հայաստանում ընտրություններին արտաքին միջամտության վերաբերյալ:

IODA-ն (International Observatory for Democracy in Armenia)՝ Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը, որը ստեղծվել է հատուկ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը դիտարկելու համար, մարտի 7-12-ը փաստահավաք առաքելություն իրականացնելուց հետո իր նախնական գնահատականում նշում է, որ «Եվրամիությունը, ամերիկացի, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են ազդել հայաստանյան ընտրական գործընթացի վրա՝ հրապարակային աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին»:

«Հայաստանի ապագայի համար լավ չէ, որ այսպես շարունակվի այդ լարվածությունը, և մյուս երկրները որոշեն՝ ովքեր պիտի լինեն իշխող այս երկրում: Պետք է Հայաստանի ժողովուրդը որոշի», — «Ազատության» հետ զրույցում ասաց
IODA-ի հիմնադիրը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար, Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետ, ֆրանսահայ Ֆիլիպ Քալֆայանը, ով այժմ էլ Ֆրանսիայի Ազգային դատարանի գործող դատավոր է:

«Դուք այսինքն կարծում եք՝ հիմա Հայաստանում պայքար է գնում Ռուսաստանի և Արևմուտքի՞ միջև», — այս հարցին նա արձագանքեց. — «Այո, այո, այսինքն՝ ժողովրդի համար, ժողովրդավարության համար էդ պայքարը մերը չէ, այսինքն՝ Հայաստանի պայքարը չէ: Եվ այս երկիրը պիտի տուժի էդ պայքարից»:

Մատնանշելով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված 15 միլիոն եվրո աջակցությունը ռուսական միջամտության դեմ, ԱՄՆ փոխանախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակացությունը Նիկոլ Փաշինյանին, Քալֆայանը պնդում է՝ Հայաստանը պետք է չեզոքացնի ռուսամետ կամ արևմտամետ բաժանումն այս ընտրությունների ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով