Ստամբուլի իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ մայիսմեկյան չարտոնված ցույցերը կանխելու նպատակով։ Գրեթե 300 մարդ ձերբակալվել է իշխանությունների կողմից չթույլատրված ինքնաբուխ բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձի համար, հաղորդել է Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան։
Նրա տվյալներով՝ Շիշլի թաղամասում առնվազն 13 մարդ, հիմնականում երիտասարդներ, բերման են ենթարկվել ոստիկանների կողմից։ Ձերբակալություններ են կատարվել նաեւ Բեշիքթաշում։ Իրավապաշտպանների հավաստիացմամբ՝ ձերբակալվածների թվում եղել են ասոցիացիան ներկայացնող հինգ փաստաբաններ, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել իշխանությունների կողմից։
Ստամբուլի իշխանությունները արհմիություններին թույլ են տվել մայիսմեկյան ցույցեր անցկացնել միայն Ստամբուլի ասիական կողմի երկու թաղամասերում՝ Քադըքյոյում եւ Քարթալում։ Մայիսի 1-ին, Թուրքիայում նշվող Աշխատանքի եւ համերաշխության օրը, անվտանգության ապահովման գործին ներգրավված է շուրջ 40 հազար ոստիկան, հաղորդել է Habert rk հեռուստաալիքը։ Նրա տեղեկացմամբ՝ այս պահին լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Վաղ առավոտից քաղաքում մասամբ փակվել են մետրոյի մի քանի գծեր, փոփոխություններ են կատարվել վերգետնյա փոխադրումների եւ լաստանավային անցումների շահագործման մեջ, փակվել են դեպի Թաքսիմ հրապարակ, ինչպես նաեւ Սարաչանե այգի (որտեղ գտնվում է քաղաքապետարանը) տանող գրեթե բոլոր մայրուղիները։
Ստամբուլի իշխանությունները երկար տարիներ թույլ չեն տվել մայիսի 1-ին զանգվածային ցույցեր անցկացնել Թաքսիմ հրապարակում։ Բացառություն արվում է արհմիությունների ներկայացուցիչների համար, որոնց հնարավորություն է տրվում ծաղիկներ դնել հրապարակի կենտրոնում գտնվող Հանրապետության հուշարձանին՝ ի հիշատակ 1977թ. այնտեղ զոհված ավելի քան 200 ցուցարարների, եւ հայտարարություն անել մամուլի համար։ Չորեքշաբթի օրվանից հրապարակը պարսպապատված է մետաղե ճաղավանդակներով, դրվել են ոստիկանական շղթաներ։ Թաքսիմի տարածքում անվտանգության ուժեղացված միջոցներից ամենից շատ տուժում են օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնք պետք է վերադառնան օդանավակայան։ Ավտոբուսներ կամ տաքսիներ բռնելու համար նրանք պետք է անցնեն պարսպապատ տարածքով, երբեմն մի քանի քառակուսի կիլոմետր երկարությամբ։
Մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում նաեւ Թուրքիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում, անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ իշխանությունները ցույցերի համար 127 բաց հարթակ են հատկացրել 79 նահանգներում։

