Դե ինչ, ինչպես և կանխատեսում էինք դեռ ընտրություններից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանն իր սեփական դաշինքում անգամ ի վիճակի չէ հարցեր լուծել ու ներքին կառավարումն ապահովել։
Ականատես ենք լինում հերթական «ներքին ռազբորկային»․ Աղվան Վարդանյանը, ով ըստ ցուցակի պետք է վերցնի պատգամավորական մանդատը, թույլ չեն տալիս։ Բայց սա դեռ ամենացավալին չէ։
Այստեղ ի հայտ է գալիս քոչարյանական համակարգի ամենաարատավոր սովորույթը․ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել ու աշխատել են Քոչարյանի համար, հենց իր՝ Քոչարյանի թեթև ձեռքով մեկ գիշերում վերածվում են «իզգոյի» (վտարանդիի)։ Ու հիմա, այն ամբողջ մեդիա ու քարոզչական ռեսուրսը, որն ունեն, օգտագործում են հենց իրենց թիմակցի դեմ։
Բանը հասել է նրան, որ անգամ քոչարյանական տելեգրամյան ալիքներն են անցել գործի։ Աղվանին սկսել են ներկայացնել որպես խոսք չպահող, ատելի ու անվստահելի կերպար։ Սա է «առաջնորդի» իրական դեմքը․ օգտագործել, մինչև վերջին կաթիլը քամել մարդու ռեսուրսը, իսկ հետո՝ նետել քաղաքական աղբամանը ու սևացնել սեփական ֆեյքերով ու մեդիայով։
Հերթական անգամ համոզվում ենք՝ այս թիմում ոչ թե գաղափարական պայքար է, այլ սեփական շահերի ու մանդատների կռիվ։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների Քոչարյանն ամեն ինչ անում է, որպեսզի Աղվան Վարդանյանի հրաժարվելուց հետո,պատգամավորական մանդատ վերցնի հենց իր վստահելի մարդը։ Ցուցակով Աղվան Վարդանյանից հետո հաջորդը ՀՅԴ-ական է, իսկ Քոչարյանին դաշինքի ներսում պետք է սեփական ազդեցության ուժեղացում, ոչ թե Դաշնակցության դիրքերի ամրապնդում։

