Գելափի հարցումները՝ Ռոբերտ Քոչարյանի «վստահության քարտ»-ի անկումը

 

Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի թիմը փորձել է ընդդիմադիր դաշտում սեփական դիրքերն ամրապնդել «գելափյան» հարցումների թվերի վրա հիմնվելով։ Քոչարյանի քաղաքական ուղեկիցները մշտապես շեշտում էին, թե իբր հենց այդ հարցումներում իրենք են առաջատարները, և հանրային աջակցությունը լիովին իրենց կողմն է։ Սակայն իրականությունն այսօր այլ բան է ցույց տալիս։

Վերջին հրապարակված Գելափի հարցման արդյունքներում առաջին անգամ ակնհայտ երևաց մի փաստ․ Սամվել Կարապետյանի նորաստեղծ քաղաքական ուժը ստացել է ավելի բարձր ցուցանիշ, քան հենց Քոչարյանը։ Սա ոչ միայն նսեմացնում է Քոչարյանի թիմի բազմամյա պնդումները, այլև բացահայտում է ընդդիմադիր դաշտում նոր կենտրոնացման միտում, որտեղ Քոչարյանի տեղը օր օրի նեղվում է։

Քոչարյանի թիմը հաճախ փորձել է ընդդիմադիր դաշտում իշխանություն հաստատել ոչ թե գաղափարներով կամ ծրագրերով, այլ կուլիսային պայքարներով։ Նրանք պառակտում են մտցրել ընդդիմադիր ուժերի մեջ, զրպարտել և թիրախավորել Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին՝ մտածելով, որ այդպես կարող են միակ «լեգիտիմ» ընդդիմադիր ուժը դառնալ։ Սակայն փաստերն այլ բան են ասում․ որքան շատ է Քոչարյանի թիմը զբաղվում ներքին ինտրիգներով, այնքան իրենց հանրային աջակցությունը նվազում է և մոտենում է զրոյին։

Այսօր Սամվել Կարապետյանի ուժի առաջացումը փաստում է, որ հասարակության մեծ մասը պատրաստ է աջակցել նոր դեմքերին ու նոր մոտեցումներին, իսկ Քոչարյանի «հին խաղի կանոնները» այլևս չեն աշխատում։ Եթե Քոչարյանի թիմը շարունակի նույն քաղաքականությունը՝ պառակտում, ներքին խարդավանքներ ու սեփական անցյալով պայմանավորված լռություն, ապա նրանք անխուսափելիորեն դուրս կմղվեն ընդդիմադիր դաշտից։

Ի վերջո, հասարակությունը այլևս չի հավատում ոչ թվերի մանիպուլյացիային, ոչ էլ հին քաղաքական գործիչների ինքնահաստատման փորձերին։ Ժամանակն է ընդունել, որ քաղաքական իրականությունը փոխվել է, իսկ ընդդիմադիր դաշտում տեղերը զբաղեցվում են ոչ թե դավադրություններով, այլ գաղափարներով ու հանրային վստահությամբ:

Կարծիքի լագրող Անի Տերտերյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով