Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կայացած քաղաքական-դիվանագիտական խորհրդակցությունների ընթացքում պայմանավորվել են, որ Ռումինիայի տարածքում կպահպանվի ամերիկացի զինվորականների ներկայությունը։ Այս մասին Ռումինիայի ԱԳ նախարարը հայտնել է Antena 3 CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք միասին պայմանավորվեցինք, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ներկայությունը շարունակվի,– ասել է նա,– և դրա դերը [կարևոր է] ոչ միայն Ռումինիայի, այլև ըստ էության, տարածաշրջանի համար։ Ռումինիայում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ձևաչափով ներկայությունը նաև զսպող ազդեցություն ունի պոտենցիալ ներխուժումների նկատմամբ, ինչպես նաև կայունացնող ազդեցություն ունի տարածաշրջանում՝ մեր այն հարևանների նկատմամբ, որոնք դեռ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Պաշտպանության մասով մենք քննարկեցինք նաև սպառազինության արտադրությունը և ընթացիկ ներդրումները, ինչպես նաև Ռումինիայում ապագա ներդրումների հնարավորությունները»։
Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչև 10 հազար զինծառայող դուրս բերելու հնարավորությունը։ Նրա տվյալներով, խոսքը 20 հազարանոց խմբավորման կեսի մասին է, որը նախորդ ԱՄՆ վարչակազմի կողմից 2022 թվականին ուղարկվել էր Ուկրաինային սահմանակից երկրներ։ Ռումինիայում, ազգային պաշտպանության նախարարության տվյալներով, տեղակայված են ԱՄՆ 1,7 հազար զինծառայողներ, հիմնականում Միխայիլ Կոգելնիչանու ավիաբազայում, ինչպես նաև Դևեսելու և Կիմպիա-Տուրզի բազաներում։
Հարցին, թե արդյոք Ռումինիայում ամերիկյան զորքերի ներկայությունը կավելանա, Ցոիուն պատասխանել է, որ ամերիկացիները «արդեն կայացրել են այս որոշումը, որի մասին նախագահ Նիկուսոր Դանին տեղեկացրել է խորհրդարանին»։

