Սերժ Սարգսյանի մոտ 7-ժամանոց հարցազրույցի ամփոփ նկարագիրը․
On:
| AntiFake TV | «Իմնեմնիմի» փոդքասթ
Ստորև ներկայացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում մոտ 7 ժամանոց զրույցի հիմնական պնդումները, թեմատիկ ուղղությունները և դրանց վերաբերյալ դիտարկումները։
Ընդհանուր առմամբ, փոդքասթը պատմական և քաղաքական լայն անդրադարձ է 1988-ից ի վեր Սերժ Սարգսյանի գործունեության տարբեր ժամանակահատվածներին, նրա՝ որպես Հայաստանում առանցքային պաշտոններ զբաղեցրած անձի շուրջ ձևավորված իրական և կեղծ պնդումներին, միֆերին ու կարծրատիպերին, անցյալի որոշումներին, անձնական կյանքի որոշ դրվագներին, ներքաղաքական ներկայիս աղետալի վիճակին, հնարավոր նոր վտանգներին ու ընդդիմության անելիքներին։
Սերժ Սարգսյանի խոսքն ունի ընդգծված հակադրություն ՀՀ ներկայիս իշխանության քաղաքականության հետ, հատկապես ներքին ու արտաքին, պաշտպանական և անվտանգային ոլորտներում։
Առաջին անգամ ուղիղ եթերում հնչել են սենսացիոն բացահայտումներ 2018 թվականի իրադարձությունների, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում իշխանությունների գաղտնի քայլերի մասին:
Ուղիղ եթերն ընդմիջվել է երբևէ չհրապարակված մի քանի տեսանյութերով, որոնցում ներկայացվել են հատվածներ «off the record» ռեժիմով 2023թ. Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով Սերժ Սարգսյանի բաց դասախոսությունից:
Փոդքասթը հեռարձակվել է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախաշեմին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման ձևաչափով ուղիղ եթերում իր հրապարակային խոսքը կարող էր ավելի վաղ լինել, եթե չսպասեր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը, որի բովանդակությանը որոշել էր հանգամանորեն անդրադառնալ, սակայն զեկույցը գործող իշխանությունները որոշեցին չհրապարակել՝ ուղարկելով Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, ով եղել է ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը, երկու անգամ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, որպես երկրի նախագահ՝ եղել է ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, վարել է հաղթական պատերազմներ, իր դիտանկյունից հաղորդման ժամանակ վերլուծել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառները, ընդգծել և հիմնավորել, որ այդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:
Սերժ Սարգսյանի այս հրապարակային խոսքը քաղաքական դաշտում և հանրության շրջանում մեծ ռեզոնանս առաջացրեց՝ ունենալով համացանցում բազմահազար դիտումներ և բազմաթիվ անդրադարձներ զանգվածային լրատվամիջոցներում: