Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19-ին

Մասիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 14։00–ին։

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ինքն այս գործով նոր է նշանակվել և գործի մանրամասներին ծանոթ չէ։

Իսկ Դավիթ Համբարձումյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն առարկեց` հայտարարելով,  որ արդեն 9-րդ անգամն են այս գործով դատախազ փոխում և առաջարկեց շարունակել նիստը, սակայն, դատարանը որոշեց նիստը հետաձգել:

Դատական նիստից հետո արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ նախաքննության փուլում իր պաշտպանյալի դեմ 4 անձ ցուցմունք է տվել:

«Նիկոլական ժեխերն են ցուցմունք տվել, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և իրար չեն բռնում: Նրանք 2018 թվականին ոգևորվել էին, որ կարող են ցուցմունք տալ: Մեկը կար ցուցմունք է տվել, որ Դավիթ Համբարձումյանի վրա զենք է եղել, և մեքենայից կախված կրակել է մարդկանց վրա, այսինքն՝ կռիվ կինո է նկարագրում, որտեղ կային մի քանի հարյուր մարդ և ոստիկաններ: 5 ոստիկան, ովքեր այդտեղ են եղել, ասում են, որ նման բան չի եղել»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր հենց «Զվարթնոց» օդանավակայանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով