Ռուբեն Ռուբինյանը 18 տարի առաջվա իրադարձությունների համար քննադատել է Ռոբերտ Քոչարյանին

Պարոն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ «Գիտես՝ ես համարում եմ, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ է» կամ «վատ մարդ» և այլն։ Այս մասին օգոստոսի 4-ին Ազգային ժողովի նիստում, խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով երկրի երկրորդ նախագահի որդուն՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։

«Բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք», — ավելացրել է Ռուբինյանը։

Խորհրդարանի նախագահի փոխանցմամբ՝ կրտսեր Քոչարյանն անդրադարձել է իրադարձությունների, որոնց ականատեսն ու մասնակիցն են եղել դահլիճում գտնվող շատերը։ Ռուբինյանը չի բացառել, որ Լևոն Քոչարյանը, լինելով երիտասարդ և հոր որդին, հնարավոր է՝ տեղի ունեցածը չի տեսել այնպիսին, ինչպիսին այն իրականում եղել է։ «Ձեր տանը էն ժամանակ երևի Հ1-ն է միացած եղել և «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունն մարդուն իրականությունից կտրելու հատկությւոն ունի»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Ըստ խորհրդարանի նախագահի՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում մարդիկ քնած էին։ «Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասեք՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել», — Ռուբինյանը դիմել է ընդդիմադիր պատգամավորին։

Խորհրդարանի խոսնակի նշմամբ՝ նրա ընդդիմախոսները նորմալ են համարում այն փաստը, որ «առավոտյան ժամը վեցին քնած մարդկանց մահակներով ծեծել են և հասցրել կիսամեռ վիճակի»։

«Սա խնդիր է, պարոն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեին: Ձեր հորից էին պաշտպանվում», — ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը։

Ավելի վաղ խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս Լևոն Քոչարյանը միացրել էր մի ձայնագրություն, որում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն ժամանակ դեռ ընդդիմության համակարգողներից մեկը, բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ էր անում քարեր ու ձողեր վերցնել, ինչպես նաև սկսել բարիկադներ կառուցել՝ իրավապահների գործողություններին հակազդելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով