Երբ Սերժ Սարգսյանի թիմն էր ԱԺ-ում՝ Արցախի դրոշին ձեռք տալ չէին համարձակվում

Արցախի դրոշները Ազգային ժողովի սեղաններից հեռացնելու փաստը ոչ թե պարզապես արձանագրային կամ տեխնիկական փոփոխություն է, այլ մեր ազգային արժանապատվության հերթական կտորի տրորում։

Այստեղ հարց է առաջանում․ իսկ ու՞ր են մյուս «ընդդիմադիրները»։ Ինչո՞ւ լուռ ու անտարբեր հետևեցին, թե ինչպես են հավաքում Արցախի դրոշները, ինչո՞ւ թույլ տվեցին այս սրբապղծությունը։ Նրանց լռությունն ու անգործությունը միայն ավելի է ընդգծում առկա տարբերությունը։

Երբ խորհրդարանում գործում էր Սերժ Սարգսյանի թիմը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, նրանք պարզապես թույլ չէին տալիս, որ որևէ մեկը համարձակվի ձեռք տալ Արցախի դրոշներին։ Այդ թիմի համար Արցախի դրոշը ԱԺ սեղաններին պարզապես զարդարանք չէր․ դա հայկական երկու պետությունների անխզելի կապի, հաղթանակի, պայքարի և ազգային արժանապատվության կարմիր գիծն էր, որը պաշտպանում էին մինչև վերջ։

Եթե նախկինում ընդդիմությունը կոշտ ու անհաշտ դիրքերից էր հանդես գալիս, ուղիղ ու բացահայտ հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, ապա այսօր պատկերը լրիվ այլ է։Ընդդիմադիրներն ու իշխանությունները լռելյայն պայմանավորվել են միմյանց «թթու խոսք» չասել, պահպանել քաղաքական հարմարավետությունը և չբարձրացնել ամենացավոտ հարցերը։

Իսկ այսօր, երբ «Պատիվ ունեմ»-ի նման սկզբունքային դիմադրող ուժը չկա ԱԺ-ում, իսկ մյուս ընդդիմադիրները նախընտրեցին աչք փակել, լռել ու մտնել այդ փոխադարձ համաձայնեցված խաղի մեջ, իշխանություններն էլ հանգիստ հավաքեցին ու վերցրեցին Արցախի դրոշները, ինչն իրենց համար վաղուց բեռ էր դարձել։

Բայց որքան էլ փորձեն ֆիզիկապես մաքրել ամեն ինչ, պատմությունն ու հիշողությունը չեն ջնջվելու։ Ամեն ինչ շատ պարզ է երևում․ երևում է, թե ով է Սերժ Սարգսյանի թիմի պես իրապես տեր կանգնում մեր խորհրդանիշներին, և ով է լռությամբ, քաղաքական պայմանավորվածություններով ու հարմարվողականությամբ պատրաստ ամեն ինչ զոհաբերել հանուն ժամանակավոր քաղաքական կոնյունկտուրայի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով