Երեկ ԱԺ գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումները կրկին վերածվեցին «նախկին-ներկա» դիսկուրսի։
Ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այնպես էլ կրթության ոլորտում այսօրվա տիրող իրավիճակի և նախկինում՝ առնվազն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղած իրավիճակի իրական համեմատությունը պարզապես գործող իշխանության օգտին չէ։
Եվ սա քարոզչական պնդում չէ, սա քաղաքական հայտարարություն չէ։
Հարգելի՛ հայրենակիցներ, որպեսզի դուք չխճճվեք երկու կողմերի քաղաքական հայտարարությունների մեջ և չմտածեք, թե այս կամ այն քաղաքական թիմը պարզապես փորձում է առաջ մղել իր, այսպես ասած, «ճշմարտությունը», առաջարկում եմ դիտարկել բացառապես միջազգային հեղինակավոր կրթական զեկույցների, ինդեքսների և վարկանիշային աղյուսակների տվյալները։
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր նաև հանրակրթության ընդհանուր վիճակը, որը միջազգային մի շարք հեղինակավոր վարկանիշների չափորոշիչներից մեկն է։
Մասնավորապես, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Նկար 1-ը՝ Բարեկեցության կամ Բարգավաճման համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանի կրթության ոլորտին վերաբերող տվյալները։
Եթե համեմատում ենք վերջին տասը տարիների ցուցանիշները, պարզ է դառնում, որ Հայաստանում կրթության ոլորտի վիճակը զգալիորեն վատթարացել է։
2016 թվականին Legatum Prosperity Index-ի կրթության ենթաինդեքսում Հայաստանը զբաղեցնում էր 34-րդ տեղը, և հենց կրթությունն էր համարվում Հայաստանի լավագույն ցուցանիշ ունեցող ուղղություններից մեկը։ Հետագա տվյալներն արդեն արձանագրում են կրթության մի շարք առանցքային բաղադրիչների վատթարացում։ Այժմ Հայաստանի կրթության ոլորտի տեղն այդ վարկանիշում 48-րդն է։(docs.prosperity.com)
Այսինքն՝ միջազգային հեղինակավոր կառույցն արձանագրում է Հայաստանում կրթության ոլորտում հետընթաց, և սա որևէ ՔՊ-ականի ելույթով կոծկել հնարավոր չէ։
Երկրորդ, բուռն քննարկման թեման ԲՈՒՀ-երի, այսպես կոչված, քաղաքականացման վիճակն էր։
Նախորդ տարիների բոլոր խնդիրներով հանդերձ՝ գուցե շատերդ զարմանաք, բայց ակադեմիական ազատությունների միջազգային վարկանիշներում ևս Հայաստանի ցուցանիշները վերջին տարիներին վատթարացել են։
Նկար 2 և Նկար 3։
Այո՛, Հայաստանում այսօր ԲՈՒՀ-երի քաղաքականացվածության և ակադեմիական ազատությունների հետ կապված իրավիճակը ոչ միայն չի տվել իշխանության խոստացած արդյունքը, այլև միջազգային ցուցանիշներով ակադեմիական ազատությունների մակարդակը վերջին տարիներին հետընթաց է արձանագրել։
Օրինակ՝ Academic Freedom Index-ի տվյալներով Հայաստանի ցուցանիշը 2016 թվականի 0.67-ից 2025 թվականին նվազել է մինչև 0.58։
Այսինքն՝ Հայաստանում ակադեմիական ազատությունները տասը տարվա կտրվածքով հետընթաց են ապրել։
Այո, Հայաստանում այսօր ԲՈՒՀ-երը էլ ավելի քաղաքականացված են, քան 10 տարի առաջ։
Եվ վերջում հիշեցնեմ,որ Հայստանի վերաբերյալ իր վերջին՝ 2024 թվականի գնահատակններում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր գնահատականներում կրթության ոլորտում բարձրաձայնել է այնպիսի բազմաթիվ խնդիրներ, որոնք նախկինում չեն արձանագրվել՝ այդ թվում կրթության որակի և հասանելիության, երեխաների դպրոց հաճախելու և նրանց ստացած վերջնական գիտելիքների ու կրթական արդյունքների հետ կապված։
Հետևաբար կարելի է ԱԺ ամբիոնից որքան ցանկանաք խոսել «նախկինների» մասին, կարելի է քաղաքական պատասխանատվությունը կրկին տեղափոխել անցյալի վրա, բայց գոյություն ունեն միջազգային կառույցների գնահատականներ և թվեր։
Իսկ թվերը քաղաքական ելույթներով չես փոխի։




