Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկում պահվելու հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ խնդիրների մեծ մասը տեխնիկական բնույթի է։ Ամենամեծը նախկին նախագահի քաղաքական գործունեությանը խոչընդոտելն է․ նա ղեկավարում է «Հայաստան» դաշինքը, այժմ սահմանափակված են նրա հանդիպումները կուսակիցների հետ։ «Նա պետք է շփվելու, քննարկելու հնարավորություն ունենա, առավել ևս՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները», - ընդգծել է փաստաբանը։ Նա նշել է, որ կալանավորումն ինքնին խնդրահարույց է, և այդ որոշումը բողոքարկվել է։ «Այն, ինչում նրան մեղադրում են, հանցագործության հետ կապ չունի։ Նա կատարել է իր պարտականությունները՝ Սահմանադրությանը համապատասխան ստորագրելով կառավարության որոշումները։ Նրան պատասխանատվության են ենթարկել սահմանադրական պարտականությունները կատարելու համար», - հայտարարել է Օրբելյանը՝ հավելելով, որ եթե նա հրաժարվեր ստորագրել, ապա կհետևեր մեղադրանք մեկ այլ մարմնի գործունեությանը խոչընդոտելու համար։ Օրբելյանի խոսքով՝ միաժամանակ մեղադրանքի տնտեսական մասում անտեսվում է այն հանգամանքը, որ անցել է 20 տարի, և հողի ու անշարժ գույքի գները էապես փոխվել են։ Մինչև Երևանի ակտիվ կառուցապատման սկիզբը գները զգալիորեն ավելի ցածր էին, այդ ամենը բոլորը հիշում են, նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ ինչպես հանցագործություն չկա բոլոր մյուս քաղաքացիների գործողություններում, որոնք հող և անշարժ գույք էին գնում ու վաճառում ներկայիսից ավելի ցածր գներով, այնպես էլ հանցագործություն չկա Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործողություններում։ Քննարկվում են տարբեր միջազգային դատական, իրավական և իրավապաշտպան կառույցներին դիմելու տարբերակներ, նշել է փաստաբանը։
Կարծիք
Այս պահին խոչընդոտվում է նախագահի քաղաքական գործունեությունը. Օրբելյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ