Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ձերբակալվել է Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 14 անձ։ «Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ թեկնածուն ինչպիսի աջակցություն ունի և անկասկած իշխող ուժը ունի այդ տվյալը, որ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն 50%-ից ավել ձայն է հավաքում։ Եթե նախկինում, Հայաստանում մի շարք ընդդիմադիր համայնքապետեր ընտրությունները հաղթելուց հետո են հետապնդվել, ինչպես օրինակ, Մամիկոն Աստանյանը, այսօր այլևս իշխանությունը չի սպասում, որ ընտրությունները լինեն, արդեն այս գլխից ձերբակալում են։ Սա, բնականաբար, իշխանության վախերն են»,–ասց նա։ Անդրադառնալով տարածված տեսանյութերին և ընտրակաշառքի մեղադրանքներին, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Տեսանյութում կոնկրետ թեկնածուն, ավագանու անդամներին և համակիրներին, որոնք «Ուժեղ Հայաստանի» սիմվոլիկայով են, տարբեր շտաբային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի հոգման համար գումար է փոխանցում։ Այդտեղ որևիցե կրիմինալ բան հաստատ չկա, կարող է ինչ-որ հարկային հարց լինի, բայց հաստատ ընտրակաշառք չի»։ Մեղադրանքին, թե ինչու այդ ծախսերն անկանխիկ չեն արվում՝ նախընտրական հիմնադրամի հաշվին, նա ասաց. «Հաշվի առնելով համայնքի սպեցիֆիկան, որ նաև գյուղական բնակավայրեր կան, ոչ բոլոր ծախսերը, հատկապես մանր ծախսերը, կարող ես հենց այդ հիմնադրամով հոգալ։ Օրինակ, պետք է ինչ-որ հուշակոթողին ծաղիկ դրվի կամ պետք է բենզին լցվի, նման ծախսեր էլ են լինում, երբ որ պետք է լինում կանխիկ դրամի միջոցով անել։ Այնտեղ մեծ գումարների մասին չի խոսքը։ Ընթացիկ ծախսերի համար մարդը հանել, տվել է թեկնածուին, ասել է՝ մոտդ պահի, որովհետև օրական 1000 ու մի տեղ են գնում, 1000 ու մի ծախս են հոգում շտաբային աշխատանքների հետ կապված։ Որևիցե ընտրակաշառքի մասին անգամ խոսք լինել չի կարող»։ Տիգրան Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Ստեփանավանի ընտրություններում։ Նշենք, որ Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 25–ին։ Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին նկատմամբ։ Նշենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։