Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկաղվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ): Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Հունաստանի ներկայացուցիչ Ջորջիոս Պլիսը: Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոն, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Ջիակոմո Ջիոտանիի հետ: Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը ուժերը կչափի Պորտուգալիայի ներկայացուցիչ Դիոգո Սեմեդոյի հետ: 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանի մրցակիցը մեկնարկում թուրք Սուլտան Օսմանլին է: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում կմրցի գերմանացի Վալերի Ուալտերի հետ: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակներ էին տարել: 1/8 եզրափակիչ դուրս եկան Ժիրայր Սարգսյանը (55 կգ), աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ կանանց հավաքականից Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ): Եվրոպայի Մ-23 չեմպիոն Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) դուրս մնաց պայքարից։ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+90 կգ): Վազգեն Բադալյանի գլխավորած կանանց հավաքականից ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ):