Արմավիրի մարզի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ընթանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբոր` Գևորգ Ներսիսյանի, ու վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Նախորդ նիստում հանրային մեղադրողը Գևորգ Ներսիսյանի համար պահանջել էր 3.5 տարի ժամկետով պատժաչափ, իսկ նրա որդու համար՝ 7.5 տարով։ Այսօրվա դատական նիստում պաշտպան Սմբատ Մինասյանը, նշելով, որ համաձայն չեն մեղադրական վերդիկտի հետ, բողոքարկելու են, բայց ներկայացրեց մեղմացնող հանգամանքները։ Նախ փաստվեց, որ Գևորգ Ներսիսյանը նախկինում դատվածություն չի ունեցել, 65-ն անց անձ է, ունի առողջական խնդիրներ, իսկ Համբարձում Ներսիսյանը, ով ևս չի ընդունում մեղադրանքը, ունի երեք անչափահաս երեխա, այդ թվում՝ մանկահասակ։ «Ինչ վերաբերում է պատժին, մեղադրողը Համբարձում Ներսիսյանի համար պահանջեց 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, Գևորգ Ներսիսյանի համար՝ 3 տարի 6 ամիս։ Ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը, չգիտեմ դատախազն ինքն էր որոշել, թե իրեն հանձնարարել էին, չնայած, պրակտիկան ուսումնասիրելով, այս պահին չկա ինքնուրույն որոշող մարմին։ Օրինակ՝ Գևորգ Ներսիսյանին ինչու՞ 3 տարի 6 ամիս, ցմահ ուզեին, ինձ համար անհասկանալի է»,- ասաց Մինասյանը։ Պաշտպանը միջնորդեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառել նվազագույն պատիժ և պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան, Համբարձում Ներսիսյանի դեպքում՝ պատիժ նշանակել 4 տարին և պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ «Ոչինչ չանելու համար առնվազն վեց ամիս են տալիս, բայց այս դեպքում ոչինչ չանելու համար 7 տարի 6 ամիսը կարծես շատ է»,- ասաց Մինասյանը։ Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել փաստական տվյալները, դատավոր Գևորգ Մանուկյանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Այն կշարունակվի նոյեմբերի 12-ին՝ 15։00-ին։
Քաղաքականություն
«Ոչինչ չանելու համար 7,5 տարին շատ է»․ Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով պաշտպանը միջնորդեց պատիժը պայմանական չկիրառել

Սկզբնաղբյուր: KARTSIQ