Darknet-ում վաճառքի է հանվել Մերձավոր Արևելքի օգտատերերի 10 մլն զույգ գողացված մուտքանուն և գաղտնաբառ

Kaspersky Digital Footprint Intelligence (DFI) թիմն ուսումնասիրել է Darknet-ում և ստվերային առցանց հարթակներում 2024-ի առաջին կիսամյակում արված հայտարարությունները՝ Մերձավոր Արևելքի երկրների կազմակերպությունների և պետական հաստատությունների հիմնական կիբեռսպառնալիքները բացահայտելու համար։

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ տեղեկություններ գողացող ծրագրերի օգնությամբ չարագործները ձգտում են հնարավորինս շատ գաղտնի տվյալներ հավաքել վարակված սարքերից: Հաշիվների մուտքանունները և գաղտնաբառերը մեծ պահանջարկ ունեն: Kaspersky DFI-ի փորձագետները Darknet-ում հայտնաբերել են գրեթե 10 միլիոն նման կապակցություն, որոնք հրապարակվել են 2024-ի առաջին վեց ամիսներին: Դրանք հիմնականում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի տարբեր ընկերությունների աշխատակիցների կամ այդ թվում պետական ծառայությունների օգտատերերի հաշվառման տվյալներ են:

Արտահոսած տվյալները կարող են օգտագործվել տարբեր խարդախ գործողություններ՝ շանտաժից մինչև թիրախային գրոհներ իրականացնելու համար: 2024-ի առաջին կիսամյակում չարագործները Darknet-ում և ստվերային ֆորումներում տեղադրել են մերձավորարևելյան ընկերությունների կորպորատիվ տվյալների 125 բազա։ Արտահոսքերի ամենամեծ քանակով երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Իրաքը և Եգիպտոսը:

Kaspersky DFI-ի փորձագետների տվյալներով՝ ծածկագրող ծրագրերի օգտագործմամբ գրոհներ կազմակերպող կիբեռխմբերը դարձել են ավելի կազմակերպված և կառուցվածքավորված: 2024-ի առաջին կիսամյակում Մերձավոր Արևելքում գործել է առնվազն 19 նման խումբ։ Ներկայության հիմնական երկրներն են ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: Առավել ակտիվ են Lockbit 3.0-ն, Stormous-ը, Rhysida-ն և Qilin-ը։ Առավել հաճախ գրոհների ենթարկված ոլորտների թվում են պետական կազմակերպությունները, շինարարական և խորհրդատվական ընկերությունները:

Գաղափարաբանությամբ մոտիվացված հաքտիվիստական գործունեությունը թափ է հավաքում։  Ընդունված է համարել, որ առավել հաճախ հաքտիվիստները կատարում են DDoS գրոհներ։ Սակայն այժմ նման չարագործների գործունեությունը գնալով ավելի կործանարար է դառնում և հանգեցնում է կրիտիկական հետևանքների՝ տվյալների արտահոսքերի և առանձին կազմակերպությունների ներքին ցանց ներթափանցման։ Kaspersky DFI-ի փորձագետները Մերձավոր Արևելքում արձանագրել են հաքտիվիստների ավելի քան 11 շարժում և խումբ:

Նախնական հասանելիության բրոքեր չարագործների հիմնական նպատակը կորպորատիվ ցանցեր մուտքի կետերի որոնումն է: Դրանք այդ թվում վերավաճառվում են ավելի մեծ խմբերի կամ գրոհողների, որոնք ունեն գրոհի հետագա զարգացման հնարավորություն և մոտիվացիա։  Kaspersky DFI-ի փորձագետները Darknet-ում ավելի քան 40 հայտարարություն են հայտնաբերել Մերձավոր Արևելքի պետական, կրթական, արտադրական, տրանսպորտային, ֆինանսական, բժշկական կազմակերպությունների և այլ ոլորտների ձեռնարկությունների կորպորատիվ համակարգերին հասանելիության վաճառքի մասին:

«Չարագործները ոչ միայն կատարելագործում են գոյություն ունեցող մեթոդները, այլև մշակում են նոր մարտավարություններ և գործիքներ։ Անհրաժեշտ է զգոնություն պահպանել՝ կորպորատիվ ցանցերը Darknet-ից եկող սպառնալիքներից պաշտպանելու համար: Հարցն այն չէ, թե արդյոք գրոհը տեղի կունենա, այլ ավելի շուտ այն, երբ գրոհը տեղի կունենա: Հետևաբար, կազմակերպությունների համար կարևոր է մեկ քայլ առաջ լինել կիբեռչարագործներից»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Վերա Խոլոպովան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով