Ավտոմատով զինված տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը՝ անդրադառնալով դեպքին, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը և կրակել Շաքիի բնակիչ հայ աղջկա ոտքին։ «Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնեց գյուղապետը: Իր հերթին գյուղի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ «Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- հայտնել է բնակիչը։ Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։ ԱԱԾ–ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Armenia
Azerbaijani shot woman in front of three children: village chief

Source: KARTSIQ