Իրանի դեսպան. Հայաստանը կարող է դառնալ էներգետիկայի ոլորտում տարանցիկ օղակ, այլ մանրամասներ չեմ բացահայտի

Հայաստանը կարող է դառնալ էներգետիկայի ոլորտում տարանցիկ օղակ։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի հարևաններն են Իրանը (գազի և նավթի պաշարներով աշխարհում երրորդ երկիրը) և Ռուսաստանը (նույնպես աշխարհում ազդեցիկ երկիր էներգետիկայի ոլորտում)։ Դեսպանը սա Հայաստանի համար լուրջ ներուժ է անվանել։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Իրանը վերջերս քննարկել են համագործակցությունը գազի ոլորտում, նավթամթերքի առևտրի ոլորտում, ինչպես նաև էներգակիրների տեղափոխման և տարանցման ոլորտում։

Շիրգոլամին ձեռնպահ է մնացել այլ մանրամասներ բացահայտելուց՝ պարզաբանելով, որ բոլոր գաղափարները գտնվում են ուսումնասիրման փուլում, միաժամանակ կոչ անելով հաշվի առնել, որ կան նաև նոր ծրագրեր։ Դեսպանը հավելել է, որ երկու կողմերի իրական կամքի դրսևորման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել էներգակիրների տեղափոխման և տարանցման առումով միանգամայն նոր դիրքում։

Դիվանագետը նաև գոհունակություն է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվում են դրական միտումներ՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ռուսաստան և այնտեղ արդյունավետ քննարկումներ անցկացրել։ «Հարավային Կովկասի երկրների և տարածաշրջանին հարակից պետությունների համար նպատակահարմար և շահավետ է տարաձայնությունները մի կողմ դնել և համագործակցություն հաստատել», — եզրափակել է Շիրգոլամին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով