ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի բանավոր հրամանով փետրվարին Պենտագոնը մեկ շաբաթով դադարեցրել էր Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Դրա տվյալներով՝ «պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի գրասենյակի բանավոր հրամանով չեղարկվել են Դելավերի ավիաբազայից և ԱՄԷ-ում գտնվող ԱՄՆ բազայից Ուկրաինայի համար հրետանային արկեր և այլ զենքեր տեղափոխող 11 չվերթներ»։
Նշվում է, որ չվերթները չեղարկելու հրամանը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հեգսեթի և ազգային անվտանգության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հունվարի 30-ին կայացած հանդիպումից հետո: Reuters-ի աղբյուրների համաձայն, հանդիպմանը քննարկվել է Ուկրաինային օգնությունը կասեցնելու հնարավորությունը, սակայն նախագահը մատակարարումները դադարեցնելու հրահանգներ չի տվել: Գործակալության որոշ աղբյուրների համաձայն, Հեգսեթը, հնարավոր է, սխալ է հասկացել նախագահին և հրաման է տվել առանց համապատասխան հրամանի։
Reuters-ը նշում է, որ չվերթների չեղարկումը Միացյալ Նահանգներին արժեցել է մինչև 2.2 միլիոն դոլար։ Ինչպես ընդգծում է գործակալությունը, մատակարարումների դադարեցումը մտահոգություն է առաջացրել Կիևում։ Ուկրաինական կողմը փորձել է տարբեր ուղիներով տեղեկություններ ստանալ պատճառների մասին, սակայն ԱՄՆ վարչակազմը միայն ավելի ուշ է դադարը բացատրել «ներքին քաղաքականությամբ», նշվում է հրատարակության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ Պենտագոնի և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները դժվարանում էին բացատրել կասեցման պատճառը։

