Գիտնականներն ուսումնասիրում են քաղցկեղի ագրեսիվ տեսակներ ունեցող պացիենտների երկար ապրելու ֆենոմենը

Բժիշկները ծավալուն ուսումնասիրություն են սկսել՝ հասկանալու համար, թե ինչու է քաղցկեղով հիվանդների ոչ մեծ տոկոսը հաղթահարում բոլոր դժվարությունները եւ երկար ողջ մնում այն բանից հետո, երբ նրանց մոտ քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակների առկայություն է ախտորոշվում, գրել է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) ութ ուռուցքաբանական կենտրոններ միավորում են ջանքերը աշխարհի տասնյակ հիվանդանոցների հետ, որպեսզի գտնեն պացիենտների, որոնք քաղցկեղի բուժման բացառիկ արդյունավետություն են ցուցաբերել եւ շատ ավելի երկար են ապրել, քան սպասվում էր։

Հետազոտությանը մասնակցած գիտնականները մանրամասն կենսաբանական տեղեկություն են հավաքում 1 000 պացիենտների եւ ուռուցքների մասին եւ ուսումնասիրում են ԴՆԹ-ն, արյան սպիտակուցները, միկրոբները եւ մոլեկուլյար բիոմարկերները՝ նրանց դիմացկունության պատճառները հասկանալու հույսով։

Ստացված գիտելիքները կօգտագործվեն քաղցկեղի թույլ կողմերը հասկանալու եւ ագրեսիվ ուռուցքների բուժման նոր մեթոդների մշակման համար, ընդ որում՝ բուժման որոշ մեթոդներ կուղղվեն կարեւոր կենսաբանական առանձնահատկությունների իմիտիացիային, որոնք նկատվում են այսպես կոչված սուպեր ողջ մնացածների մոտ՝ այլ պացիենտների հեռանկարները բարելավելու համար։ Հետազոտությանը մասնակցում են ուռուցքաբաններ ավելի քան 40 երկրներից, որոնք ցանկանում են ներգրավել մարդկանց, որոնք շատ երկար են ապրել մանր բջջային քաղցկեղ, գլխուղեղի ագրեսիվ գլիոբլաստոմա կամ ենթաստամոքսային գեղձի մետաստատիկ ադենոկարցինոմայի ախտորոշումից հետո։ Հետազոտությանը մասնակցում են այն պացիենտները, որոնք մտնում են թոփ-3 տոկոսում ըստ կյանքի տեւողության ախտորոշումից հետո։

Rosalind հետազոտությունը այդպես է անվանվել ի պատիվ Ռոզալինդ Ֆրանկլինի՝ բրիտանացի ռենտգենաբանի, որի հանրահայտ Լուսանկար 51-ում պատկերված է ԴՆԹ երկակի պարույրի կառուցվածքը։

Լուսանկարը արվել է 1952թ., ձվարանների քաղցկեղի պատճառով Ֆրանկլինի մահանալուց վեց տարի առաջ։ Սուպեր ողջ մնացածների տվյալները կպահպանվեն տվյալների համաշխարհային շտեմարանում, որը կառավարում է ֆրանսիական Cure51 սթարտապը, այն ֆինանսավորում է Rosalind նախագիծը Փարիզի Sofinnova վենչուրային ընկերության հաշվին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով