«Երկրորդ նախագահի նավը» արդեն ջրերի տակ է

Վերջին ամիսներին քաղաքական դաշտում նկատելի են սուր և հատու վերադասավորումներ։ Երբեմնի հզոր քաղաքական ուժ համարվող Ռոբերտ Քոչարյանի թիմը կարծես թե կորցնում է իր երբեմնի ազդեցությունը՝ թե հանրային դաշտում, թե ներսից։ Նույնիսկ թիմի կարևորագույն դեմքերից մեկի՝ լրագրող Մարիանա Ղահրամանյանի հեռանալը կարող է ընկալվել որպես հերթական ազդակ այն մասին, որ «երկրորդ նախագահի նավը» արդեն ջրերի տակ է։

Մարիանա Ղահրամանյանը վերջին տարիներին հայտնի դարձավ որպես Քոչարյանի քարոզչական թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ մեդիա հարթակներում ներկայացնելով Քոչարյանի օրակարգը և քննադատելով գործող իշխանություններին։

Սակայն վերջին շրջանում Ղահրամանյանի հրապարակային վարքագծում նկատվել էին տարօրինակ լռություն, իսկ վերջին օրերին էլ հաստատվել է՝ նա այլևս Քոչարյանի թիմում չէ։Մարիանա Ղահրամանյանը այժմ միացել է Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով շարժմանը»։

Մարիանա Ղահրամանյանի հեռանալը կարելի է դիտարկել նաև որպես քաղաքական անհավատության ակտ Քոչարյանի նախագծի նկատմամբ։ Վերջին ամիսներին «Հայաստան» դաշինքի ակտիվությունն ակնհայտ նվազել է, իսկ մի շարք ներսից ելող գործիչներ անուղղակիորեն կամ ուղիղ աջակցություն են ցուցաբերում գործող իշխանություններին՝ դրանով իսկ ապակառուցելով ընդդիմադիր միասնական ճակատ ստեղծելու գաղափարը։

Քաղաքական աղբյուրները պնդում են, որ Քոչարյանի թիմում կա տարաձայնությունների խորացում, իսկ երբեմնի ուժեղ մեդիա առագաստները՝ այսօր աշխատում են կամ լռության մեջ, կամ այլ ուղղությամբ։
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը կանգնած է վերաիմաստավորման անհրաժեշտության առաջ։ Նրա նախկին թիմակիցների՝ Սամվել Կարապետյանի շարժմանը միանալը վկայում է, որ քաղաքական հավասարակշռության առանցքը փոխվում է։ Իսկ այն փաստը, որ նման փոփոխությունները կատարվում են առանց մեծ աղմուկի, խոսում է ոչ միայն դանդաղ, այլ նաև խորքային փոփոխությունների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով