ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ուղիղ բանակցություններ վարելու հարցը՝ երկու առաջնորդների հարաբերություններում «սառույցը հալեցնելու» և զինված հակամարտության վտանգը վերացնելու համար, Reuters-ին հայտնել են երկու բանիմաց աղբյուրներ։
Նրանք ասել են, որ դեռ պարզ չէ, թե ինչ արդյունք կունենան նոր դիվանագիտական ջանքերը, սակայն Թրամփի սկզբնական նպատակը ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև տարրական կապերի վերականգնումն էր։ Հետագա քաղաքական նպատակները դեռ չեն քննարկվում ընտրված նախագահի թիմում, այդ թվում այն պատճառով, որ Փհենյանի հետ հարաբերությունները կարող են հետին պլան մղվել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում արտաքին քաղաքական ավելի հրատապ խնդիրների պատճառով:
Իր նախորդ նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ՝ 2018 թվականի հունիսին Սինգապուրում, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Հանոյում և նույն թվականի հունիսին Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանին՝ ապառազմականացված գոտում։ Սինգապուրում հանդիպումից հետո Թրամփը ասել էր, որ ինքը և ԿԺԴՀ ղեկավարը «սիրահարվել են միմյանց»։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանրապետականը պնդում էր, որ որպես նախագահ ինքը կարողացել է «յոլա գնալ» Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ և հասել է Փհենյանի հրթիռային փորձարկումների ժամանակավոր դադարեցմանը։ «Հաճելի է շփվել մի մարդու հետ, ով ունի շատ միջուկային զենք: Կարծում եմ՝ նա կարոտում է ինձ, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը»,- ասել է Թրամփը՝ խոստանալով բարելավել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում։
Անցյալ շաբաթ Թրամփը առաջարկեց Ալեքս Վոնգին նշանակել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի տեղակալ։ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Վոնգը ծառայել է որպես Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ և այդ պաշտոնում օգնել է բանակցություններ կազմակերպել Կիմ Չեն Ընի հետ:
Անհասկանալի է, թե անձամբ Քիմը, ով հետևողականորեն անտեսում է առանց նախապայմանների բանակցություններ սկսելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի փորձերը, ինչպես կարձագանքի Թրամփի նախաձեռնությանը, նշում է Reuters-ը։ Գործակալությունը հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեան վերջերս ավելի է մոտեցել Ռուսաստանին։ Դրա շնորհիվ Փհենյանը կարող է ընդլայնել իր հրթիռային զինանոցը։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները, սակայն, դեռևս հրապարակայնորեն չեն հայտնել Թրամփի վերընտրվելու մասին, և Կիմն այս ամիս ասաց, որ Միացյալ Նահանգները ուժեղացնում է լարվածությունը Կորեական թերակղզում՝ մեծացնելով միջուկային պատերազմի վտանգը:

