Սահմանադրական դատարանի կարևոր գործառույթներից է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի արդար լուծումը։ Այս առումով՝ ՍԴ-ն մշտապես եղել է իշխող քաղաքական թիմի ուշադրության ու հոգատարության կենտրոնում։
ՍԴ դատավորները ստաժի հիման վրա հավելավճար կստանան: Այս մասին մարտի 25–ին ԱԺ-ում հայտարարեց նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով օրենսդրական փաթեթը։ «2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահների և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է»,- նշեց նախարարը, հավելելով, որ հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
Ինչո՞ւ են բարձրացնում ՍԴ դատավորների ստաժային հավելավճարները։
Առաջինն, ինչ գալիս է մարդու մտքին, կապվում է հունիսի 7-ի ընտրությունների հետ։ Հավակնորդների ակտիվությունը վկայում է, որ թեժ մրցակցություն է սպասվում։ Չեն բացառվում ընտրախախտումները, գուցե որոշ ուժեր ընտրակեղծիքի դիմեն։ Այս իրավիճակում մեծանում է ՍԴ դերը որպես հեղինակավոր ու ամենաբարձր արբիտրի։
Առաջիկա օրերին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ, հանդիպումը Պուտինի հետ։ Այս հանդիպման ժամանակ քննարկման կարևոր թեմաներից մեկը, հավանաբար, լինելու է հունիսի 7-ի ընտրություններին Մոկսվայի պրոտեժեների մասնակցության հարցը։ Շատ հավանական է, որ Փաշինյանը կբավարարի Պուտինի նախապայմանները, ինչի դիմաց Մոսկվան չի առարկի, որ ՀՀ ԿԸՀ-ն չգրանցի ռուսամետ ուժերին, հետապնդի ու հալածի ռուսական որոշ գործակալների։
Դրանից հետո, ենթադրելի է, որ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն ստանալու մղումով, ԿԸՀ-ին կհրահանգի չգրանցել որոշ մրցակիցների, որոշ մրցակիցների կորակի հիբրիդային սպառնալիք, թաքուն կխրախուսի բոյկոտի քարոզչությունն ու արդյունքում կհավաքի ընտությունների մասնակիցների քվեների մեծ մասը։ Այս պարագայում մերժված, դուրս մղված, ճնշված ուժերը, ենթադրաբար, կդիմեն ՍԴ ու, հավանաբար, կպարտվեն։ ՍԴ-ն արժանահավատ կամ ծանրակշիռ չի համարի նրանց փաստարկները, վկայությունները, հօգուտ Փաշինյանի որոշում կընդունի, ռուսամետ ուժերը կմնան ձեռնունայն, սակայն կշարունակեն իրենց պայքարը, հույսով ապրելով, որ հաջորդ ընտրություններում գուցե այսպես չլինի։
Պատկերացնենք, թե Փաշինյանը ոչ թե փոխըմբռնան է հասնում Մոսկվայում, այլ մերժում է ստանում։ Այսինքն՝ Պուտինը չի զիջում և ասում է, որ աջակցելու է ռուսամետ 3 ուժերին, չի օգնելու Փաշինյանին, ինչպես օգնել է 2018-ին ֆորպոստի վարչապետ դառնալու հարցում։ Եվ այս դիմակայության արդյունքում ռուսամետ ուժերը հունիսի 7-ին, հավանաբար, կհավաքեն քվեների մեծ մասը։
Սա, իհարկե, թույլ վարկած է։ Բայց ենթադրենք՝ Փաշինյանը պարտվում է հունիսի 7-ին։ Այս պարագայում էլ նա կարող է դիմել ՍԴ և պահանջել՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, ներկայացնելով ռուսամետների կողմից ընտրակաշառքի բաժանման, ընտրակեղծիքների մասին վկայություններ, ապացույցներ, որոնք կտրամադրեն ԱԱԾ-ն, արտաքին հետախուզությունը, անկախ դիտորդները, վստահված անձինք, ԵՄ-ից եկած աջակցության խումբը և այլն։ Այս դեպքում ՍԴ-ն, հավանաբար, կրկին վեճը կլուծի հօգուտ Փաշինյանի, ռուսամետ ուժերի հավաքած ձայները կորակվեն կեղծված։ Ազատ, ժողովրդավարական երկրները, հղում անելով ՍԴ որոշմանը, չեն ճանաչի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, և Փաշինյանը փաստացի կմնա իշխանության։
Կարճ ասած՝ ՍԴ դատավորների հավելավճարները բարձրացնելը ողջամիտ ու հեռանկարային նախաձեռնություն է։ Կառավարության կողմից ՍԴ դատավորների նկատմամբ հոգատարության այս ցույցը տեղին ու ժամանակին է։ Այն կարող է ֆինանսական խթան հանդիսանալ, որ ՍԴ դատավորները լավ աշխատեն և արդար վճիռներ ընդունեն։ Ու եթե նրանք մի քիչ էլ մարդկային երախտապարտությամբ լցվեն առ իրենց հավելավճարները բարձրացնողներն, ապա հունիսի 7-ի ցանկացած ելքի դեպքում Փաշինյանը կմնա իշխանության։

