Իսրայելի իշխանությունները երկուշաբթի օրը բացել են «Քերեմ Շալոմ» և «Քիսուֆիմ» անցակետերը՝ Գազայի հատվածի հետ իրենց սահմանի հարավային և կենտրոնական հատվածներում։ Այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս երկու անցակետերը փակվել են կիրակի օրը, այն բանից հետո, երբ այդ առավոտյան երկու իսրայելցի զինվորներ սպանվել են հարավային անկլավի Ռաֆահ քաղաքի մոտակայքում՝ արմատական զինյալների կրակոցներից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին հրադադարի խախտման մեջ և հրամայել է իսրայելական զինվորականներին «գործողություններ ձեռնարկել»: Այնուհետև իսրայելական բանակը հարվածների շարք էր հասցրել ամբողջ անկլավով, հարձակվելով տասնյակ թիրախների վրա, ինչից հետո հոկտեմբերի 19-ի երեկոյան հայտարարել էր, որ վերականգնել է հրադադարի ռեժիմի պահպանումը Գազայի հատվածում։
Ըստ Ynet պորտալի տվյալների, երկուշաբթի օրը Իսրայել են ժամանել խաղաղապահ առաքելությունների գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Axios պորտալի տեղեկությունների համաձայն՝ նրանց այցը նվիրված կլինի Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի կայունացմանը և կողմերի միջև խաղաղ համաձայնագրի հաջորդ փուլի իրականացմանը անցնելու կոնկրետ քայլերի մշակմանը։
Ավելի վաղ Axios-ը և Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էին, որ Ուիթքոֆը և Քուշները պետք է այս շաբաթ ժամանեն Իսրայել։ Նշվում էր նաև, որ ամերիկյան պատվիրակությանը կարող է միանալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ, կիրակի օրը, Վենսը հաստատել է, որ Վաշինգտոնը «մոտակա օրերին» Իսրայել կուղարկի իր բարձրաստիճան ներկայացուցչին և չի բացառել, որ դա հենց ինքը կլինի։

