Լիտվայի Սեյմն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնք կարող են պոլիգրաֆով ստուգում անցնել, և դրանում ներառել է այն օտարերկրացիներին, ում նկատմամբ իրականացվում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի գնահատում. գրում է Lrt-ն: Փոփոխություններին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 14-ը։ Նոր կանոնները կարող են կիրառվել կացության թույլտվություն ստանալու կամ երկարաձգելու դիմումների քննարկման ժամանակ։ Օտարերկրացիներից բացի, օրենքը տարածվում է նաև պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցների և հետախուզության աշխատակիցների թեկնածուների վրա։
Ինչպես բխում է ընդունված օրենքից, պոլիգրաֆով ստուգումը պարտադիր չի դառնա բոլոր օտարերկրացիների համար, այլ կկիրառվի միգրացիոն մարմինների հարցմամբ Պետական անվտանգության դեպարտամենտի իրականացվելիք ստուգումների դեպքերում։
Պոլիգրաֆը դիտարկվում է որպես տվյալների հավաստիության ստուգման գործիքներից մեկը: «Որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով դիմումատուի մասին բոլոր տեղեկությունները: Պոլիգրաֆի բացասական արդյունքն ինքնին չի նշանակի ավտոմատ մերժում. որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով տվյալ անձի և նրա շրջապատի մասին ամբողջ տեղեկատվությունը: Իսկ ահա պոլիգրաֆից հրաժարվելը կունենա շատ ավելի խիստ հետևանքներ»,- նշում է «Волна» նախագիծը։ Փոփոխություններում նշված է, որ նման դեպքում իշխանությունները կարող են եզրակացնել, որ դիմումատուն սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը։ Արդյունքում դիմումատուն կարող է մերժում ստանալ Լիտվայում բնակության իրավունքի տրամադրման կամ երկարաձգման հարցում։
Այս միջոցն ընդունվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո օտարերկրացիների նկատմամբ Լիտվայի վերահսկողության ուժեղացման ֆոնին։ Ռուսաստանի քաղաքացիների համար արդեն իսկ սահմանափակումներ են մտցվել կացության թույլտվություն ստանալիս, իսկ երկիր մուտք գործող ռուսաստանցիներն անցնում են հավելյալ ստուգում։ Ապրիլին Սեյմը երկարաձգել է գործող սահմանափակումները մինչև 2027 թվականի վերջը։ Լիտվայում գործում են նաև սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ, եթե նրանք չունեն լիտվական կացության թույլտվություն։ Լիտվայի իշխանություններն այս միջոցները բացատրում են պատժամիջոցների շրջանցման ռիսկերը նվազեցնելու և պատերազմի ֆոնին անվտանգությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

