Հնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտը ծխողների ոսկորներում հետքեր է թողնում ոչ միայն նրանց ողջ կյանքի ընթացքում, այլև մահից հետո դարեր շարունակ։
Լեսթերի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 12-19-րդ դարերում Բրիտանիայում թաղված մարդկանց աճյունները և բացահայտել ծխախոտի խորը ազդեցությունը ոսկորների վրա և դրա կապը ոսկրային հիվանդությունների հետ, ինչպիսին կոտրվածքների բարձր հավանականությունն է:
Ուսումնասիրության մեջ ընդգծվում է, որ մոտ 500 տարի առաջ ծխախոտի տարածումը դեպի Արևմտյան Եվրոպա հանգեցրել է մարդու կմախքի կառուցվածքի զգալի փոփոխությունների:
Սպեկտրոսկոպիայի կիրառմամբ գիտնականները վերլուծել են ոսկորների մոլեկուլային բաղադրությունը՝ բացահայտելով 45 տարբեր մոլեկուլային առանձնահատկություններ, որոնք տարբերում են ծխողների ոսկորները չծխողների ոսկորներից:
Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, ընդգծում է, որ ծխախոտի օգտագործումը մարդու ոսկրային հյուսվածքում թողնում է բավականին հստակ նյութափոխանակության փոփոխություններ:
«Մարդկային կմախքի հնագիտական մնացորդները կարող են ուղղակի ապացույցներ տրամադրել, որոնք կարող են օգտագործվել անցյալի պաթոլոգիական և առողջական վիճակները, ներառյալ ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդությունները ուսումնասիրելու համար», — գրել են գիտնականները:

