Ануш Брутян Մեկ հարցազրույցից հետո քաղաքական դաշտում տեղի ունեցող յուրաքանչյուր քննարկումը վերագրել որպես մոտալուտ քաղաքական շրջադարձի ազդարարում՝ առնվազն չափազանցված գնահատական է։
Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի քաղաքական գործունեությունը վաղուց արդեն ուղղված չէ հիմնականում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարին։
Եթե հետևենք նրանց հայտարարություններին, ելույթներին և քաղաքական թիրախներին, ապա կտեսնենք, որ հիմնական հարվածները շատ հաճախ հասցեագրված են Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը և այս եզրակացությունը չեմ անում մեկ հարցազրույցի, մեկ հայտարարության կամ մեկ դրվագի հիման վրա։ Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ հետևելով հրապարակային ելույթներին, քաղաքական շեշտադրումներին, տեղեկատվական հարձակումների ուղղություններին և այն առաջնահերթություններին, որոնք որդեգրել է Ռոբերտ Քոչարյանն ու իր քաղաքական թիմը։
Ես կարծում եմ, որ սա պատահական չէ։
Քաղաքական ուժի իրական առաջնահերթությունները երևում են ոչ թե հայտարարություններից, այլ նրանից, թե ում դեմ է նա պայքարում ամեն օր։
Այսօր, երբ Հայաստանի առաջ կանգնած են անվտանգային և պետական լրջագույն խնդիրներ, տրամաբանական կլիներ, որ ընդդիմադիր բոլոր ուժերի հիմնական ուշադրությունը կենտրոնացած լիներ գործող իշխանության գործունեության վրա։
Սակայն մենք տեսնում ենք այլ պատկեր:
Եվ այդ պատճառով ինձ մոտ ձևավորվել է համոզմունք, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի համար գլխավոր քաղաքական հակառակորդը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը։
Ավելին, ես վստահ եմ, որ այդ քաղաքական գիծը ձևավորվում և առաջնորդվում է հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Սա իմ քաղաքական գնահատականն է՝ հիմնված տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական վարքագծի վրա։
Յուրաքանչյուր մարդ, իհարկե, կարող է ունենալ իր սեփական եզրակացությունը, բայց ինձ համար գնալով ավելի ակնհայտ է դառնում մեկ բան․ Ռոբերտ Քոչարյանը և իր ղեկավարած թիմը պայքարում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ այն քաղաքական ուժերի դեմ, որոնք իրենց ներկայացնում են որպես գործող իշխանության իրական ընդդիմախոսներ։

