Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին աջակցող ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ շարունակելու են պայքարը՝ իրավական, հանրային և միջազգային հարթակներում։
Փաստաբան, Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը հնչեցրեց նաև պահանջներ՝ ուղղված գործադիր և դատական իշխանություններին, միջազգային իրավապաշտպան կառույցներին.
«Մենք դիմում ենք․
Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել խոսքի ազատության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։
Դատական իշխանությանը՝ գիտակցել սեփական որոշումների հետևանքները և պատասխանատվությունը մարդու կյանքի ու առողջության համար։ Անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ներին՝ չլռել, չլուսաբանել այս գործը որպես «սովորական քրեական վարույթ»։
Միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին՝ արձագանքել, արձանագրել և գնահատել այս գործը որպես քաղաքական հետապնդում»։
Դիմելով նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հասարակական դերակատարներին, քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանելու պահանջով ակցիայի դուրս եկածները ընդգծեցին՝ լռությունը ոչ թե չեզոքություն է, այլ մասնակցություն։

